«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի հիշատակին»,- Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության հիշատակման օրը լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

«Այսօր կարևորում ենք այն հանգամանքը, որ մենք պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, որոնք կարողացան շարունակել իրենց կյանքը, և նաև տոկունությունը, որ հանդես բերեց հայ ժողովուրդը և՛ այստեղ` Հայաստանում, և՛ աշխարհի շատ վայրերում․ հայկական համայնքներն, իրենց հայկական ոգու ամրությունը դրսևորելով, իրենց կարևոր կենսունակությունն են ապահովում»,- ասաց նա: 

Դեսպանի խոսքով՝ ամերիկացիները երախտապարտ են հայկական ծագումով այն ամերիկացիներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ԱՄՆ-ում:

Դիտարկմանը, թե ԱՄՆ 50 նահանգներից 49-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ են մտածում դրա մասին, ԱՄՆ դեսպանը պատասխանեց․ «Միացյալ Նահանգներում դեսպանի պաշտոնում հաստատման ժամանակ ես նշել եմ և նորից կնշեմ, որ Միացյալ Նահանգները պատմական իրողությունը չի ժխտում, և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի վայրագություններից մեկն է, և մեզ շարունակում է ոգևորել տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել