1915-1923 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն առաջինն էր XX դարում: Եվ չնայած որ այն կատարողը՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան ժխտում է 1,5 միլիոն մարդու նկատմամբ կատարված ոճրագործությունը, համաշխարհային ճանաչման գործընթացը շարունակում է առաջ ընթանալ:

Ուրուգվայ։ Հայերի ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ընդունել ու դատապարտել է Ուրուգվայը: 1965 թ. ապրիլի 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր ասամբլեան և Ներկայացուցիչների պալատը օրենք ընդունեցին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մասին»:

Կիպրոս։ 1982 թ. Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Ռուսաստան։ 1995 թ. ապրիլի 14-ին Պետդուման հայտարարություն ընդունեց, որով դատապարտվում էին 1915-1922 թ. հայերի ցեղասպանության կազմակերպիչները, և ապրիլի 24-ն ընդունեց որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կանադա։ 2002 թ. հունիսի 13-ին Կանադայի Սենատը բանաձև ընդունեց, որով ճանաչեց հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 2004 թ. ապրիլի 21-ին Կանադայի խորհրդարանի պալատները ճանաչեցին 1915 թ. Օսմանյան Թուրքիայում կատարված հայոց ցեղասպանությունը:

Լիբանան։ 1997 թ. Լիբանանի Ազգային ժողովը բանաձև ընդունեց, որով ճանաչեց և դատապարտեց հայոց ազգի նկատմամբ կատարված ցեղասպանությունը:

Բելգիա։ 1998 թ. Բելգիայի Սենատն ընդունեց բանաձև, համաձայն որի՝ ճանաչում էր 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված հայոց ցեղասպանությունը և հորդորեց ներկայիս Թուրքիային ևս ճանաչել այն:

Ֆրանսիա։ 1998 թ. մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: 2000 թ. նոյեմբերի 7-ին օրինագծի օգտին քվեարկեց Ֆրանսիայի Սենատը: 2001 թ. հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքը:

Հունաստան։ 1996 թ. Հունաստանի խորհրդարանը որոշում ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին:

Վատիկան։ 2000 թ. Հովհաննես Պողոս II Պապը ճանաչեց և դատապարտեց Օսմանյան Թուրքիայում 1915 թ. կատարված հայերի ցեղասպանությունը:

Իտալիա։ Իտալիայի խորհրդարանը հայերի ցեղասպանությունը ճանաչեց 2000 թ.:

Շվեյցարիա։ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը 2002 թ. մարտին Պոստուլատ ընդունեց, որով ճանաչեց հայերի ցեղասպանությունը, սակայն 2002 թ. մայիսին Դանային խորհուրդը մերժեց Պոստուլատը:

Արգենտինա։ Արգենտինայի Սենատը 2004 թ. դեկլարացիա ընդունեց, որում հայտնում էր հայկական համայնքի՝ XX դարի առաջին ցեղասպանության զոհերի իրավահաջորդների հետ համերաշխության մասին:

Սլովակիա։ 2004 թ. ապրիլի 30-ին Սլովակիայի խորհրդարանը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:

Նիդեռլանդներ։ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը հայերի ցեղասպանությունը ճանաչեց 2004 թ. դեկտեմբերին:

Վենեսուելա։ Վենեսուելայի խորհրդարանը 2005 թ. հուլիսի 14-ին բանաձև ընդունեց հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Լեհաստան։ 2005 թ. ապրիլի ապրիլին Լեհաստանի խորհրդարանը ճանաչեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի կողմից կատարված հայերի ցեղասպանությունը:

Լիտվա։ 2005 թ. դեկտեմբերին Լիտվայի Սեյմը բանաձև ընդունեց, որը դատապարտում էր 1915 թ. Օսմանյան կայսրությունում կատարված հայերի ցեղասպանությունը:

Չիլի։ 2007 թ. Չիլիի Սենատը որոշում ընդունեց, որով դատապարտեց հայերի ցեղասպանությունը և պետության կառավարությանը հորդորեց աջակցել հայ ազգին:

Շվեդիա։ 2010 թ. մարտի 11-ին շվեդական խորհրդարանի պատգամավորները ցեղասպանություն համարեցին 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը:

Բոլիվիա։ Բոլիվիայի խորհրդարանը հայոց ցեղասպանությունը ճանաչեց 2014 թ. նոյեմբերին:

Ավստրիա։ 2015 թ. ապրիլի 24-ին Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում 1915 թ. կատարված հայերի ցեղասպանությունը:

Լյուքսեմբուրգ։ Լյուքսեմբուրգի խորհրդարանը 2015 թ. մայիսի 6-ին բանաձև ընդունեց հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Բրազիլիա։ 2015 թ. մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային խորհուրդը միաձայն ճանաչեց հայերի ցեղասպանության փաստը:

Գերմանիա։ 2016 թ. հունիսի 2-ին Բունդեսթագը բանաձև ընդունեց, որով 1915 թ. հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը որակեց որպես ցեղասպանություն:

Հայերի ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է նաև միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել