168.am-ը գրում է.

Նյույորքցի ուսանողը մեկ միլիարդ դոլարի հայց է հարուցել ԱՄՆ-ի Apple ընկերության դեմ խանութներում դեմքերի ճանաչման համակարգի սխալի պատճառով, որը նրան որոնվող հանցագործի տեղ է ընդունել: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:

18-ամյա Ուսման Բահը պնդում է, որ 2018 թվականի նոյեմբերին Նյու Յորքում իրեն տանը ձերբակալել են եւ մեղադրել Apple-ի ֆիրմային խանութներում մի շարք գողություններ կատարելու մեջ: Կալանագիրը պարունակել է կասկածյալի լուսանկարը, որն, ուսանողի կարծիքով՝ իրեն նման չէ: Նա նաեւ նշել է, որ գողություններից մեկը, որոնցում իրեն մեղադրել են, կատարվել է հունիսին Բոստոնում այն օրը, երբ ինքը գտնվել է իր ավարտական միջոցառմանը Մանհեթենի շրջանում:

Բահը պատմել է, որ մինչ այդ կորցրել է վարորդական իրավունքը: Այնտեղ լուսանկար չի եղել, բայց, հայցվորի կարծիքով՝ այն կարող է հայտնված լինել իսկական գողի մոտ եւ որպես ինքնության հավաստագիր օգտագործված լինել Apple-ի խանութներում: Դրա հետեւանքով դեմքերի ճանաչման համակարգը կարող էր սխալմամբ Բահի անունը կապել չարագործի դեմքի հետ:

Apple-ը եւ Security Industry Specialists պահպանական ֆիրման, որը նշված է որպես երկրորդ պատասխանող, հրաժարվել են գործի վերաբերյալ մեկնաբանություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել