ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչը երիկամի չարորակ ուռուցքի մասին իմացել է, երբ շնաձկան հարձակման հետևանքով դիմել է հիվանդանոց, հաղորդում է The Epoch Times պարբերականը:

39-ամյա Յուջին Ֆինին գիշատչի կողմից հարձակման է ենթարկվել Կալիֆոռնիայում հանգստանալու ժամանակ: Նա 10-ամյա դստեր հետ ծովում լողալիս ուժգին ցավ է զգացել: «Ինչ-որ բան ինձ հետևից խփեց,- հիշում է տղամարդը:- Ես երբեք այդպիսի կտրուկ հարված չեմ զգացել»: Նա անմիջապես աղջկա հետ դեպի ափ է ուղղվել: Այնտեղ նա իմացել է, որ ջրում շնաձկեր են նկատել:

Ֆինիի մեջքին արնահոսող երկար վերք է մնացել: Սկզբում նա ուշադրություն չի դարձրել, բայց մեջքի ցավն աստիճանաբար ուժեղացել է, և նա ստիպված դիմել է հիվանդանոց: Արդյունքում պարզվել է, որ շնաձկան հարվածը կրծքավանդակի ներքին վնասվածք է առաջացրել: Հետազոտության ընթացքում բժիշկները նաև նրա աջ երիկամի վրա ընկույզի մեծության չարորակ ուռուցք են հայտնաբերել:

Ուռուցքը հաջողվել է հեռացնել վաղ փուլում: «Եթե չլիներ շնաձկան հետ կապված միջադեպը, ես հիվանդանոց չէի դիմի և չէի իմանա քաղցկեղի մասին,- ասել է Ֆինին: – Իմ բախտը բերել է: Ես ապրելու երկրորդ հնարավորություն ստացա և բաց չեմ թողնի այն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել