168.am-ը գրում է.

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Քաղաքացու օրը նշելու համար պետական բյուջեից կհատկացվի 124 մլն դրամ, մոտավորապես 250 հազար դոլար։ Թե՛ հատկացված գումարի չափի, թե՛ ընդհանրապես Քաղաքացու օրվա հետ կապված՝ հնչում են տարբեր կարծիքներ: Շատերի համար անհասկանալի է, թե ինչ պետք է անեն 250 հազար դոլարը, եթե չկա հստակ միջոցառումների ցանկ: «Միայն խորովածի ու քաբաբի վրա՞ է ծախսվելու գումարը»,- հարցնում են նրանք։

Շատերի համար էլ՝ Քաղաքացու օր ունենալը և այն տոնելը վաստակել են, ուստի պետական բյուջեից որևէ միջոց չպետք է խնայվի այդ օրը հավուր պատշաճի նշելու համար: Ավելին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույնիսկ այն կարծիքին է, որ այդ օրն արժե «սիմվոլիկ որոշ ճանապարհներ փակել», ինչի առթիվ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ բյուջեից 250 դոլար հատկացրել են զուտ ճանապարհներ փակելու համար։

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն անդրադառնալով Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամին, նկատեց՝ ամեն ինչ կախված է բովանդակությունից։

«Մենք կանք այդ ծրագրում, այդ օրը պետք է մեկնենք Գյումրի և խաղանք երեխաների համար ներկայացում, ինչը համարում եմ շատ լավ բան։ Մեր «փայն» այդ 124 միլիոնի մեջ կազմում է 57 հազար դրամ։ Եթե այդ գումարը հիմնականում ծախսվի նրա համար, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում, իրեն շրջանցված չզգա, լինի ուշադրության կենտրոնում, որ ինքն էլ է այս երկրի քաղաքացի և ունի իր բաժին արևն ու մշակույթը»,- նշեց Ռուբեն Բաբայանը։

Ըստ նրա՝ այստեղ խոսքը գումարի շատ կամ քիչ լինելու մասին չէ, քանի որ գումարի չափի որոշելը կախված է նրանից, թե ինչի վրա է ծախսվելու և ինչ բովանդակություն է այն ապահովելու։

«Այլ ծրագրերի ծանոթ չեմ, ծանոթ եմ միայն մեր մասով»,- հավելեց Ռ. Բաբայանը։

Հարցին՝ մշակույթի ոլորտում 250 հազար դոլարով ի՞նչ խնդիր կարող էին լուծել, ինչն ավելի արդյունավետ կարող էր լինել, Ռուբեն Բաբայանը պատասխանեց, որ մշակութային խնդիրներն ավելի շատ համակարգային բնույթ են կրում, քանի որ այն բոլոր գումարները, որոնք այսօր կարող են տրվել մշակույթին՝ որևէ խնդիր լուծելու համար, իրականում ժամանակավոր բնույթ է կրելու։

«Մենք համակարգային փոփոխությունների կարիք ունենք, ցավոք, դա վերջին 30 տարիների ընթացքում չի իրականացվել և, ճիշտն ասած, այսօրվա վարած քաղաքականությունում չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ կարող են դրանք իրականացվել։

Երեկ աչքովս մի հոդված ընկավ, եթե չեմ սխալվում՝ վերնագրված էր՝ «92 փոփոխություններ, որոնք կատարվել են այս մեկ տարվա ընթացքում»։ Նայեցի, և այդ 92 կետի մեջ որևէ կետ չկար մշակույթի մասին։

Կարելի էր այդ գումարով ինչ-որ հարցեր լուծել, բայց դրանք կլինեին տեղային հարցեր, օրինակ՝ ինչ-որ թատրոնի վերանորոգում, որևէ մարզում Մշակույթի տան նորոգում, և այլն։

Բայց մենք այս հարցին պետք է շատ լուրջ վերաբերվենք: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մենք մշակույթի ձեռքին կրակն ենք ընկել՝ ո՛չ այն է՝ գցենք, ո՛չ այն է՝ առաջ տանենք,  չգիտենք՝ հետն ինչ անենք։ Երբ իսկապես սկսվեն օրենսդրական փոփոխություններ, և կլինի գիտակցումը, թե մշակույթը զուտ իր կիրառման իմաստով՝ ինչո՞ւ է մեզ պետք, արդյո՞ք ունի ազդեցություն հասարակության վրա, և այլն։

Մենք միշտ դժգոհում ենք, թե ինչ ագրեսիվ է մեր հասարակությունը, ինչ բարքեր է տիրում, բայց այս ամենի դեմ հնարավոր չէ պայքարել միայն օրենքների խստությամբ, մշակույթն ու կրթությունն է, որ կարևոր դեր է խաղում հասարակության զարգացման գործում։ Մեր պարագայում, եթե անտեսվում է մշակույթը, և որևէ բարեփոխում տեղի չի ունենում, դրան շատ տխուր եմ նայում։

Եթե այս ծրագիրն առաջին քայլն է՝ կարևորել մշակույթը և դրա ազդեցությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, միայն ուրախ կլինեմ։ Եթե այս ամենն ավարտվելու է՝ զուտ որպես ինչ-որ միջոցառում-ակցիաներով, ինչպես հաճախակի լինում էր, շատ կտխրեմ։ Մի խոսքով, այս հարցում ես ունենալու եմ երկընտրանք՝ ուրախանալ կամ տխրել»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել