168.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց՝ կարևորը, որ հիմա կա, ազատությունն է:

Համաձայնելով նրա հետ՝ վարչապետը նշեց, սովորաբար ընդունված է կառավարությանը ընկալել որպես ղեկավար՝ բառի ամբողջական իմաստով:

«Մեր ընկալումն այն է, որ կառավարությունն ու հանրությունը գործընկերներ են: Պետք է լինի աշխատանքի բաժանում: Ինձ համար վարչապետի կարգավիճակն աշխատանք է, ինչպիսին ֆակուլտետի դեկանի, ռեկտորի, ընկերության տնօրենի կամ առաքիչի աշխատանքն է: Սա ընդամենը հանրության շրջանում դերաբաշխում է: Հին դիսկուրսը, առ ու փախի տրամաբանությունը թողե՛ք, որովհետև մեր իշխանությունը չի պատրաստվում ասել՝ վա՜յ, իշխանությունը հազիվ ձեռքներս է ընկել, հիմա ո՞ւմ պետք է խփենք, ո՞ւմ բռնենք կամ ո՞ւմ բիզնեսը խլենք, մյուսին տանք, որ իշխանությունը պահենք: Մեր ընկալման մեջ նման բան չկա: Երեկ խմբագիր էի, հետո՝ պատգամավոր, հիմա՝ վարչապետ, իսկ վաղն ուրիշ աշխատանք կլինի: Կառավարության՝ արքայական գահի ընկալումն ամենամեծ խնդիրներից է, որն այսօր կա:

Արցախի հարցի հետ կապված էլի նույն խնդիրն է: Ինձ համար առաջին օրերից տարօրինակ է եղել կասկածի մթնոլորտը՝ վա՜յ, էս ի՞նչ ա կատարվում, էս ինչ են անում: Հասկացել եմ, որ պատճառն այն է, որ հանրությունն իրեն այս գործընթացի մասնակից չի համարում, իրեն չի համարում այն սուբյեկտը, որը մասնակցում է Արցախի հարցի լուծմանը: Մեզ համար այս մոտեցումն ընդունելի չէ: Պարզ է, որ կառավարությունը թիվ մեկ պատասխանատուն է, բայց պետք է գործի որոշակի մանդատի շրջանակներում: Եթե ՌԴ որևէ փորձագետ իրենց մամուլում հարցազրույց տա, ասի՝ կարճ ասած, սենց ա… էսօր էլ կարդացի, որ մի փորձագետ հայտարարել էր, թե ինչ ենք խոսել, ինչ ենք պայմանավորվել: Այդ հարցազրույցի 99 տոկոսն ինձ համար նորություն էր, չնայած այն մասին էր, թե ինչ եմ Վիեննայում խոսել Ալիևի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ն. Փաշինյանն ընդգծեց՝ մենք չունենք համազգային կամ առնվազն պետական մակարդակով ձևակերպված պատասխան, թե ի՞նչ երկրիր ենք ուզում տեսնել 20, 30, 50 կամ 100 տարի հետո:

«Դրա պատճառն այն է, որ այս տեսլականը ձևակերպելու համար պետք է ձևակերպենք, թե, օրինակ՝ Արցախի հարցի լուծումը մենք ինչպե՞ս ենք պատկերացնում: Երբ մենք մեզ համար հստակ ձևակերպենք, թե Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում, մնացած ձևակերպումները շատ ավելի հեշտ կդառնան: Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ դուք՝ բոլորդ, ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ՝ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես:

Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձևակերպի, թե ոնց է պատկերացնում, այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի: Եվ մենք մի մեծագույն սխալ ենք գործել Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Մենք փոխանակ ասենք՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք հակառակն ենք արել, ասել ենք, որ՝ եկեք Ղարաբաղի մասին չխոսենք: Դրա համար ձևավորվել է այս անորոշության ու կասկածի մթնոլորտը»,- հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է կրել Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակի պատասխանատվություն:

«Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և հաջորդ անգամ գալիս է հարց, որ մեր երեխաները պետք է գնան մեր բանակում ծառայելու: Երբ հարցը գալիս է սրան, ասում են՝ իսկ կլինի՞ իմ երեխան չգնա, հարևանի երեխան գնա: Սա պատասխանատվության մաս է, չէ՞:

Երբ գնում ու ասում ենք՝ պետք է անվտանգության մակարդակը բարձրացնել, և սրա համար պետք են էս, էս, էս քայլերը՝ պետք է պետական բյուջեի եկամուտները ավելացնել, պետք է ՀԴՄ խփել, ասում են՝ հոպ, իսկ կլինի՞ ես չխփեմ, ուրիշը խփի: Եվ վերադառնում եմ այն տրամաբանությանը, որ մեր ազգային գաղափարախոսության կարևոր կոմպոնենտներից մեկն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ իր անհատական պահվածքը որոշիչ նշանակություն ունի երկրի, պետության, ամեն ինչի ճակատագրի հարցում: ԵԽԽՎ-ում երբ հարցրին, թե՝ ոնց եք պայքարելու կոռուպցիայի դեմ, ասեցի՝ իմ պատկերացրած առաջին քայլն այն է, որ ես ներքաշված չլինեմ կոռուպցիայի մեջ»,- եզրափակեց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել