Անգլիայում մեկ տարեկան Քոթեր Կունյան, կուլ տալով լվացող նյութի պարկուճը, քիչ մնաց՝ մահանար։ Դեպքը տեղի է ունեցել, երբ մայրը՝ Քեթլինը, լվացք էր անում, իսկ փոքրիկը խաղում էր հատակին։ Պարկուճը կոնֆետի տեղ դնելով՝ երեխան կուլ է տվել։ Նրան հասցրել են հիվանդանոց, և վերակենդանացման բաժանմունքում երեք օր կենսապահովման սարք է միացվել։

Նյութի բաղադրիչներն այրել են Քոթերի ստամոքսի լորձաթաղանթն ու կերակրափողը։ Երեխային վիրահատել են և փրկել կյանքը։ Ողբերգական դեպքից հետո Քոթերի մայրը կոչ է անում լվացող միջոցների պարկուճներ արտադրողներին իրենց ապրանքն այլ կերպ փաթեթավորել, որ կոնֆետներից տարբերվեն։

Լվացող նյութի պարկուճները վաճառքում հայտնվել են 2012 թվականից։ Դրանց քիմիական բաղադրությունը գրեթե չի տարբերվում հեղուկներից, բայց պարկուճներում ավելի քիչ ջուր կա, քան հեղուկ միջոցներում (10 տոկոս և 50 տոկոս հարաբերակցություն), ինչի պատճառով օրգանիզմի վրա դրանց ազդեցությունն ավելի ագրեսիվ է։ Եթե պատահաբար լվացքի փոշի կուլ գնա, կարող է ստամոքսի թեթև խանգարում առաջանալ։ Բայց լվացքի գերխիտ միջոցները կարող են ուժեղ սրտխառնոց և շնչարգելության նոպաներ առաջ բերել։

Վառ փաթեթավորման պատճառով պարկուճները գրավում են երեխաների ուշադրությունը։ Միայն մեկ տարում Անգլիայում գրանցվել է պարկուճներից տուժած երեխաների մասին ավելի քան 17 հազար հաղորդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել