Գիտնականների կատարած վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սթոունհենջը կառուցած մարդկանց նախնիները Բրիտանիա հասնելուց առաջ ճամփորդել են Միջերկրական ծովով:

Ուսումնասիրողները համեմատել են Բրիտանիայում հայտնաբերված նեոլիթյան մարդու մնացորդներն այն մարդկանց ԴՆԹ-ի հետ, ովքեր նույն ժամանակահատվածում ապրել են Եվրոպայում:

Այդ նախնիները Բրիտանիա են հասել մոտավորապես մ.թ.ա. 4000 թ.: Դեպի Բրիտանիա գաղթը միայն հսկայական ուղևորության մի փոքրիկ մասն էր, որը մ.թ.ա. 6000 թ. կատարել են Անատոլիայից դուրս եկած այն մարդիկ, որոնք հայտնաբերել էին, որ Եվրոպայում հնարավոր է հողագործությամբ զբաղվել:

Մինչ այդ Եվրոպան բնակեցված էր փոքրիկ ճանապարհորդական խմբերով, որոնք զբաղվում էին որսորդությամբ և վայրի բույսերի ու խեցգետինների հավաքչությամբ: Հողագործների խմբերից մեկը Դանուբ գետի երկայնքով հասել է Կենտրոնական Եվրոպա, իսկ մյուսը շարժվել է Միջերկրական ծովով:

ԴՆԹ հետազոտությունը ցույց  է տվել, որ նեոլիթյան բրիտանացիները մեծամասամբ սերել են այն խմբերից, որոնք բռնել են Միջերկրական ծովի ճամփան: Միաժամանակ բրիտանական փոքրաքանակ խմբեր սերել են Դանուբի խմբից:

Բացի հողագործությունից՝ Բրիտանիայի նեոլիթյան ներգաղթյալները զարգացրել են մեծ քարերից հուշակոթողներ՝ մեգալիթներ կառուցելու ավանդույթը: Սթոունհենջն այդ ավանդույթի մի մասն է եղել:

Չնայած որ Բրիտանիան արդեն իսկ բնակեցված էր արևմտյան որսորդ-հավաքիչներով, երբ մ.թ.ա. 4000 թ. այստեղ եկան հողագործները, ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս երկու խմբերը իրար չեն միախառնվել: Բրիտանակացի որսորդ-հավաքիչները գրեթե ամբողջությամբ փոխարինվել են նեոլիթյան հողագործներով: Դա նշանակում է, որ որսորդ-հավաքիչներն այնքան փոքրաթիվ են եղել, որ չեն թողել գենետիկական ոչ մի տեսակի ժառանգություն:

Ըստ ուսումնասիրությունը կատարած գիտնականներից մեկի՝ պրոֆեսոր Թոմասի, նեոլիթյան հողագործները ստիպված էին հարմարվել կլիմայական նոր պայմաններին, սակայն Բրիտանիա գալիս նրանք այնքան պատրաստված ու «զինված էին» գործիքներով, որ անհապաղ սկսեցին մշակաբույսեր աճեցնել: Ըստ գենետիկական հետազոտության արդյունքների՝ նեոլիթյան հողագործներն ունեցել են գունատ մաշկ, շագանակագույն աչքեր և մուգ շագանակագույն վարսեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել