Panorama.am-ը գրում է.

«Թուրքիայում հաստատված վախի մթնոլորն անդրադառնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտացի խոսքի վրա»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, 2016 թվականին ճնշված զինված ապստամբության հետևանքով Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ ավելի ուժեղացրեց ոչ միայն իր միանձնյա իշխանությունը, նաև ճնշումները թուրքական հասարակության ամենատարբեր շերտերի վրա։

«Այս վախի մթնոլորտը, որը մեծ ուժգնությամբ զարգացավ Թուրքիայում, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն ճշմարտացի ելույթների վրա, որոնց տեսնում էինք ժամանակ առ ժամանակ վերջին տարիներին: Ցավոք սրտի, թուրքական  այն խիզախ ներկայացուցիչները, որոնք փորձում էին Թուրքիայում ճշմարտացի խոսք ասել Հայոց ցեղասպանության մասին, հիմա շատ ավելի թույլ է նրանց ձայնը»,-ասաց թուրքագետը։

Նրա կարծիքով, այս միտումը Թուրքիայում կպահպանվի, նույնիսկ կուժեղանա, քանի որ գնալով ուժեղանում է Էրդողանի ճնշումների վրա հիմնված քաղաքականությունը, Թուրքիայում ստեղծվում է այնպիսի մթնոլորտ, որը հասարակությանը լռեցնելու նպատակ ունի:  Ռ. Սաֆրասյանի խոսքով, Թուրքիայում ժխտողական քաղաքականությունը սկզբունքորեն ոչ մի փոփոխություն չի կրել, ուղղակի մթնոլորտն ավելի անբարենսպատ է դարձել ճշմատացի խոսք ասելու համար։

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման և մասնավորապես վերջին շրջանում այդ ուղղությամբ նկատվող ակտիվացման մասին՝ թուքագետն ասաց, որ  պետք է փորձել հասկանալ, թե այդ ակտիվացման հետևում ինչ է գտնվում:

«Փաստ է, որ այդ գործընթացն ակտիվանում է այն պարագայում, երբ տվյալ երկիրն իր հարաբերություններում Թուրքիայի հետ վատ հանգրվան է հասնում, սրվում են հարաբերությունները: Մյուս կողմից չպետք է անտեսել այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլև ցեղասպանությունների կանխարգելման  խնդիր է»,-նշեց Ռ.Սաֆրաստյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել