Վերջին շրջանում ինձ շատ են հիշեցնում, որ, քաղաքական կոնյուկտուրայի մեջ մտնելով, մասնագիտական գրառումներս նկատելիորեն պակասել են, եթե չասենք՝ ուղղակի բացակայում են: Այս գրառումս դուր կգա հատկապես վերոգրյալ փոքրաթիվ մարդկանց, քանի որ այն բացառապես մասնագիտական է:

Ուրեմն՝ ժողովրդավարացման տեսության ժամանակակից «հայրերը» (Հանթիգթոն, Լինզ, Ալֆրեդ Սթեֆան և այլն) ոչ ժողովրդավարական վարչակարգերից դեպի ժողովրդավարական անցման ժամանակ խիստ կարևոր են համարում ժողովրդավարության «first և double check»-երը, որոնք հայերեն անվանենք «Ժողովրդավարության առաջին և կրկնակի ստուգարք»: Առաջին ստուգարքը վարչակարգի անցման առաջին փուլում ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, իսկ կրկնակի ստուգարքը` ժողովրդավարական ընտրություններով իշխանությունների փոփոխությունը: Երեկ Ուկրաինայում տեղի ունեցավ հենց ժողովրդավարության կրկնակի ստուգարքը, երբ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը փոխվեց ընտրությունների արդյունքում: 

Հիմա Ուրկաինան մեծ շանսեր ունի դեպի ժողովրդավարության կոնսոլիդացիա գնալու, որն ավելի բարդ է, քան մինչ այս եղած փուլերը: Ժողովրդավարության կոնսոլիդացիայից հետո նոր Ուկրաինան կարելի է համարել ժողովրդավարական ՔԱՂԱՔԱԿԱՆ վարչակարգ ունեցող երկիր: Ներկայումս Ուկրաինան դեռևս անցումային երկիր է համարվում, իսկ եթե հաշվի ենք առնում, որ Ուկրաինայում առկա են բավականին մեծ կոռուպցիոն ռիսկեր և կոռուպցիա, ապա պետք է հստակ արձանագրել, որ անգամ ժողովրդավարության կրկնակի ստուգարքն անցնելուց հետո ժողովրդավարության կոնսոլիդացիան այդ երկրում բարդագույն գործընթաց է լինելու: 

Հայաստանում ժողովրդավարության առաջին ստուգարքը, եթե անգամ համարենք անցած (մասնագիտական խիստ վերապահումներ ունեմ այդ պնդման վերաբերյալ), այնուամենայնիվ, կարծում եմ, որ դեռևս խիստ հարցականի տակ է այն, թե արդյո՞ք նոր իշխանությունները կհասնեն կրկնակի ստուգարքի անցկացմանը, թե՞ կարճ ժամանակահատվածում Հայաստանում տեղի կունենա հերթական ոչ ավանդական քաղաքական գործընթացով իշխանափոխության գործընթաց: Համենայն դեպս, այս պահին Հայաստանն անցումային փուլում գտնվող երկիր է, բայց այդ անցումը ռեվերսիվ բնույթ է ստանում երկրի թիվ 1 պաշտոնյայի և իր թիմի քաղաքական ոչ ժողովրդավարական վարքի արդյունքում: 

ՀԳ. Շատ երկար ստացվեց, բայց սա հնարավոր նվազագույնն է: Հուսով եմ՝ էն փոքրաթիվ մարդկանց պահանջը սրանով ինչ-որ չափով կատարեցի, իսկ մասնագիտական գործունեությանս ավելի ինտենսիվ դրսևորումները կլինեն «Քաղաքացիական կրթության դպրոց»-ի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել