Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից օրինախախտումների մասին մենք պատրաստ ենք լիարժեք տեղեկատվություն ներկայացնել Ձեր կողմից լիազորված ներկայացուցչին: Այս մասին ասված է «Սև ջուր» ՍՊԸ-ի տնօրենի բաց նամակում՝ ուղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ոգեշնչված վերջին իրողություններով` երկու երիտասարդ գործընկերներով որոշեցինք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ելնելով գտնվելու վայրից և խորհրդակցելով տարբեր արհեստավարժ մասնագետների հետ` որոշեցինք ձեռնարկել Արզնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում և այն արտահանել այլ երկրներ: Այս գործունեության տեսակն ընտրելու հիմնավորումները հետևյալն են.

- Որպես արտադրամաս կօգտագործվեր «Արզնի առողջարան» ՓԲԸ-ի նախկին լվացքատան չշահագործվող տարածքը:

-  Կօգտագործվեր նաև արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարը, որով «Արզնի առողջարանն» իր ըմպելասրահի համար Արզնի ածխաթթվային հանքային ջուր է ստանում:

-  Ներկայումս Հայաստանում այս հայտնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում չի իրականացվում:

-  Մենք ոչ մի վնաս չենք պատճառում գործող առողջարաններին և այլ գործող կառույցներին, քանզի վայրկյանում 7լ ջուր դուրս եկող հանքավայրից մենք վերցնելու էինք ընդամենը 0,5լ:

Փաստորեն, բնությանը չվնասելով, ոչինչ չփոխելով (միայն 70 մետր խողովակաշարի միցում) մեզ անհրաժեշտ էր միայն հանքային ջրի  արդյունահանման թույլտվություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, որին մենք դիմեցինք 2018 թվականի հունիսին: Օրենքով սահմանված կարգով սեպտեմբերի 19-ին մեր հաշվետվությունը ուղարկվում է Բնապահպանության նախարարություն, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը փորձաքննական գնահատելու և եզրակացություն տալու համար:

Գործընթացը հարթ էր, մեր կողմից պատշաճ կերպով ներկայացվել էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անցկացվել էին բոլոր  հանրային լսումները: Այս ամենի մասին վկայում է չորրորդ՝ վերջին  հանրային լսման ժամանակ Բնապահպանության նախարարության փորձագետի դրական ելույթը, որում նա հաստատում է սահուն գործընթացի մասին և բնությանը վնաս չհասցնելու փաստը, չի նշում որևէ թերություն կամ խնդիր:

Այնինչ Բնապահպանության նախարարության կողմից 29.01.2019թ. ստացանք պետական փորձաքննական բացասական եզրակացություն, որի հիմքում դրված էր  դեռևս 2017 թ. արտոնագիրը կորցրած ՎԻ ԸՆԴ ԷՅ ՏՈՒՐ ՍՊԸ-ի կողմից ստացված գրությունը, որտեղ կարծես թե հրամայվում է բնապահպանության նախարարին մերժել «Սև ջուր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանրային լսումների անցկացումը, ինչպես նաև դադարեցնել փորձաքննությունը, քանի որ նրանք չունեն բավարար հիմքեր այնտեղ գործունեություն իրականացնելու համար: 

Բնապահպանության նախարարությունը, այն ստանալով, անմիջապես մերժում է մեր գործունեությունը՝ կայացնում է բացասական եզրակացություն: Իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն էլ հիմք վերցնելով բացասական եզրակացությունը, 07.03.2019 թվականի գրությամբ մերժում է մեր հայտը:

Հարկ եմ համարում նշել, որ մենք արդեն իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վերցրել ենք 100 մլն դրամ վարկ, պատվիրել սարքավորումներ Չինաստանից և կատարել ներդրում շինարարական աշխատանքների համար, հենվելով դրական նախընտրական փուլի, հարթ գործընթացի և անվնաս բնապահպանական գործունեության վրա: Մյուս կողմից արտադրամաս ծառայող շինության վրա մեր կողմից արդեն կատարվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները:

Մեծարգո պարոն վարչապետ, Բնապահպանության նախարարությունում մեզ «բարեկամաբար» ասացին, որ դրական եզրակացություն ստանալու համար մեզ պետք է Արզնի հանքային ջուր նախկինում արդյունահանող և արտոնագիրը կորցրած «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊԸ-ի հետ «լեզու գտնել», իսկ դա այն ընկերությունն է, որը Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ունենալով նրանց մեծ աջակցությունը,  կարողանում էր ցանկացած հարց լուծել ի նպաստ իրեն: Բնականաբար մենք նրանց հետ «լեզու գտնելու» ցանկություն չունենք և ցանականում ենք օրինական ճանապարհով հարթել մեր ուղին:

Այս ամենի և Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից այլ օրինախախտումների մասին մենք պատրաստ ենք լիարժեք տեղեկատվություն ներկայացնել Ձեր կողմից լիազորված ներկայացուցչին:

Մեծ ակնկալիքով սպասում ենք Ձեր արձագանքին և միջամտությանը արդարությունը վերականգնելու համար»,-:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել