BlogNews.am-ն արդեն պատմել է ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարուհի Աիդա Թորոսյանի նոր մասնագիտության մասին: Աիդան արդեն երկար ժամանակ է՝ զբաղվում է դիետոլոգի աշխատանքով, մարզում և ճիշտ ապրելակերպ սովորեցնում իր հաճախորդներին: Այս անգամ Աիդայի հետ զրուցել ենք անձնական կյանքի փոփոխությունների, նոր առաջարկների և դերասանությամբ չզբաղվելու մասին:

«Այո՛, իմ կողիքն կա այնպիսի տղամարդ, ում հետ առավելապես երջանիկ եմ: Հանդիպել ենք շատ պատահական, չնայած սա երևի իմ կյանքի այն դեպքերից է, երբ դժվար է պատահականություններին հավատալը»,- նշում է Աիդան։

Աիդայի սիրելին Ստեփան Խզրթյանն է՝ իրավաբան է, թե՛ Հայաստանում, թե՛ Քալիֆորնիայում իրավաբանական ընկերության հիմնադիր է,  «Հույս» հիմնադրամի նախագահը, Սրբոց Ղևոնդեաց Մայր տաճարի ծխական խորհրդի անդամ: Զույգը մոտ մեկ տարի միասին է:

Անձնական կյանքի մասին շատ մանրամասներ որոշեց չբացահայտել, փոխարենը նշում է, որ շուտով նոր հեռուստանախագիծ կլինի իր մասնակցությամբ. «Այս պահին աշխատում եմ նոր հեռուստատեսային նախագծի վրա, որի մասին դեռևս չեմ կարող փակագծերը բացել, միայն կասեմ որ առողջ ապրելակերպին է վերաբերում, որով նաև զբաղվում եմ և որն իմ հիմնական մասնագիտությունն է: Ունեմ տարբեր հաճախորդներ, որոնց հետ պարապում եմ։ Սա իմ կիրքն է, որն իրագործում եմ: Լիարժեք հաճույք եմ ստանում իմ մասնագիտությունից»:

Այն հարցին՝ նոր ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ կա՞ն, Աիդան նշում է. «Դերասանական արվեստը պարզապես անցյալում է մնացել, որովհետև դա իմ կողմից երևի թե այդքան մեծ սեր և նվիրվածություն չի վայելել: Բնականաբար, ինքս ինձ չէի կարող խաբել, բայց երբ նկարահանվել եմ կամ եղել եմ բեմում, լիրաժեք տրվել եմ մասնագիտությանս, ինչքան կարողացել: Սակայն հիմա հասկանում եմ, որ դա երևի թե իմը չէր: Դերասանական արվեստի ու թատրոնի հանդեպ սերս չէ, որ մարել է, այլ ինքս ինձ եմ մի փոքր ավելի բացահայտել՝ հասկանալով, որ այդ ուղին լիարժեք չի բավարարում ինձ ու սնում հոգիս: Այնպես որ, այս պահի դրությամբ, այո՛, դերասանական արվեստում անցած ճանապարհս անցյալում է, ինչի համար չափազանց շնորհակալ եմ»

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել