Անշլագ․ թերևս այսպես կարելի է միայն բնութագրել հայկական շոու-բիզնեսի ծագող աստղի, կամ, ինչպես տեղական մամուլն արդեն հասցրել է նրան բնորոշել, «հմայիչ սրտակեր» DJ All-Bert (Ocean)-ի առաջին բեմելը։   

Խորհրդային կինոինդուստրիայի երբեմնի հսկա նկարահանման տաղավարն անգամ չէր կարող տեղավորել բոլոր ցանկացողներին։ Միջոցառումից երկու շաբաթ առաջ տոմս գտնել հնարավոր չէր։ Ըստ պտտվող լուրերի՝ վերավաճառողները տոմսերն իրացրել են մինչև չորս անգամ թանկ գներով։

Համերգի մասնակիցների բարձր տրամադրությունն ապահովեցին DJ All-Bert (Ocean)-ի հրավերով Գերմանիայից Երևան ժամանած DJ Babicz-ը, ինչպես նաև բազմաթիվ հայ DJ-ներ։

Բայց օրվա բացահայտումն, անշուշտ, հենց այս միջոցառման համար գրված DJ All-Bert-ի «Հայտնության նախերգանք» սինգլի պրեմիերան էր, որն ուղղակիորեն պայթեցրեց դահլիճը։

Չնայած իր խիստ երիտասարդ տարիքին՝ DJ All-Bert-ն արդեն քաջածանոթ է «անդերգրաունդ» և էլեկտրոնային երաժշտության հայ սիրահարներին։ Նրա մասնակցությամբ անցկացվող live-երը մշտապես անշլագ են ապահովում մայրաքաղաքի ակումբներում։

Սակայն DJ All-Bert-ն այնքան էլ հաճախակի հանդես չի գալիս համերգներով՝ առավելապես կենտրոնանալով ստեղծագործական աշխատանքի վրա։ «Կարևորը  հանրությանը որակյալ երաժշտություն մատուցելն է, - ասում է երիտասարդ DJ-ը։- Որակյալ երաժշտությունը միշտ էլ դրական հույզեր է արթնացնում և միշտ էլ կունենա իր լսարանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել