Չինաստանի WeChat, QQ և այլ սոցցանցերում ու մեսենջերներում հանրահայտ են դառնում խմբերը, որոնք որոշակի գումարով պատրաստ են հաճոյախոսություններ շռայլել։

Ծառայությունը շատ պարզ է․ օգտատերը նկարագրում է իր խնդիրը, վճարում և խնդրում է իրեն աջակցել։ Նրան հրավիրում են հատուկ զրուցարան, որտեղ մի խումբ մարդիկ գովում և սատարում են հիասթափվածին: Օրինակ՝ եթե մեկին վերադասը կոպտել ու աշխատանքից ազատել է, ասում են. «Մի անհանգստացիր, նոր աշխատանք կգտնես, և ամեն ինչ լավ կլինի»: Եթե սեփական արտաքինը չի գոհացնում, ապա զրուցակիցները դրական կողմեր կգտնեն և կասեն. «Բայց ձեր պեպենները ներդաշնակ են աչքերի գույնի հետ և ձեզ յուրահատուկ են դարձնում»:

Նման թերապիայի արժեքը կազմում է 8-500 յուան (մոտ 700-35000 դրամ): Այս կերպ կարելի է մեծ գումարներ վաստակել։ Հաճոյախոսություններ գրողները նույնպես պարգևատրվում են։

Նման խմբերի առկայությունը պայմանավորված է հատուկ մտածելակերպով: Չինաստանում ընդունված չէ հաճոյախոսություններ ընդունել: Այնտեղ, որպես կանոն, ամաչում են իրենց հասցեին ուղղված դրական գնահատականներից և փորձում են խոսակցության անձնական թեման փոխել ավելի չեզոքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել