Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական քաղաքականությունը մտադիր է շարունակել նույն կերպ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում՝ անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին:

«2019 թվականից հաշմանդամություն ունեցող այն անձանց նպաստները, որոնք ցածր են եղել սպառողական պարենային զամբյուղից՝ բարձրացվել են, որպեսզի այդ մարդկանցից ոչ ոք սոված չի մնա»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ պետք է շարունակել այդ սոցիալական քաղաքականությունը, աջակցել  հաշմանդամություն ունեցող անձանց:

Նրա խոսքով՝ պետք է մտածել՝ ինչ անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց տաղանդն օգտագործելու հնարավորություն ունենան։

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ հենց այսօրվա Հայաստանում պետք է իրենց առավել լավ զգան: Այսօր ՀՀ կառավարությունում կա հաշմանդամություն ունեցող երկու նախարար՝ ՀՀ արդարադատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի: Սա նաև ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ»,- նշեց վարչապետը:  

Նա նկատեց, որ Հայաստանում շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձն ընկալվում է որպես մարդ, ով ունի կարեկցանքի, բարեգործության, քնքշանքի կարիք, սակայն ըստ Փաշինյանի դա սխալ մոտեցում է:

«Հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվել որպես լիարժեք քաղաքացու, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ունի հասարակության լիարժեք մաս կազմելու իրավունք»,- ասաց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել