2011 թվականին Էմի Ուայնհաուսի մահը կրկին մեծ հետաքրքրություն առաջացրեց «27 ակումբի» շուրջ։ «27 ակումբը» տաղանդավոր մարդկանց ցանկ է, որը հիմնականում կազմված է երաժիշտներից, ովքեր մահացել են այս տարիքում և հաճախ շատ տարօրինակ պայմաններում։ Գոյություն ունեն մի քանի տեսություններ, որոնք փորձում են բացատրել, թե ինչու են հենց այս տարիքում մահանում տաղանդավոր մարդիկ։

Վիճակագրական տեսություն

2011 թվականին  British Medical Journal-ը հրապարակեց «27 ակումբի» հետ կապված վիճակագրական տեսություն։ Եզրակացությունն այսպիսին էր. վաղ հասակում ձեռք բերված փառքը մեծացնում է մահվան հավանականությունը, սակայն ճակատագրական թիվը չի սահմանափակվում միայն 27-ով։ Այնուամենայնիվ, հենց այս տարիքն է հանդիպում ամենաշատը. այս տարիքում մահացել կամ ինքնասպան են եղել ավելի քան 40 տաղանդավոր մարդիկ, որոնց մեծ մասը երաժիշտներ էին։

Ավելի շուտ այս խնդրի պատճառները պետք է փնտրել ոչ թե 27 թվի, այլ վաղ հասակում փառքի հասնելու մեջ։ Վիճակագրության համաձայն՝ նրանք փառքի են հասել 20 տարեկանում։ Այսպիսի արագ աճը, երիտասարդ տարիքը և բարդ ստեղծագործական բնույթը հիմնականում ուղեկցվում են ալկոհոլի և արգելված նյութերի օգտագործմամբ։ Բնականաբար, սրանք մեծացնում են մահվան հավանականությունը, և սրա մեջ ոչ մի անկանխատեսելի բան չկա։

Հոգեբանական տեսություն

Հոգեբանության տեսանկյունից նմանատիպ զուգադիպությունների առաջացման պատճառն ինքնակործանման համալիրն է, այսինքն՝ ինքնասպանության պլանավորումը, որը որոշ դեպքերում տեղի է ունենում անգիտակցաբար։ Համաձայն Էրիքսոնի անձի տեսության՝ մարդու կյանքը բաժանված է անհատի ձևավորման 8 փուլերի։ 26-ից 64 տարեկանը համարվում է նախավերջին փուլը, և նրա հիմնական խնդիրն արդյունավետության և պասիվության միջև ընտրությունն է։

Այս փուլում մարդն իր մասին իմանում է ամեն ինչ։ Շատ քիչ է հավանականությունը, որ նա կարող է իր մասին որևէ նոր բան իմանալ։ Իսկ 27 տարեկանն այս երկարատև փուլը մտնելու շեմն է և համարվում է անհատի ձևավորման ճգնաժամային փուլերից մեկը։ Մարդը փորձում է գտնել իր տեղը սոցիումում։ Հնարավոր է, որ տաղանդավոր մարդիկ, ովքեր արդեն մեծ փառքի էին հասել, ուղղակի չեն իմացել, թե ինչպես է պետք շարունակել իրենց զարգացումը, և դա իրենց անգիտակցաբար տարել է ինքնակործանման։

Միստիկ տեսություն

«27 ակումբի» առաջին անդամներից մեկը եղել է 20-րդ դարի ամենահայտնի բլյուզմեններից մեկը՝ Ռոբերտ Ջոնսոնը։ Ջոնսոնը կիթառ նվագելու տաղանդ չի ունեցել և շատ դժվարությամբ է սովորել։ Ամեն ինչ փոխվեց 1931 թվականին։ Նա որոշ ժամանակով անհետանում է, այնուհետև վերադառնալով դառնում է լավագույն բլյուզմեններից մեկը։ Համաձայն երաժշտի խոսքերի՝ նա Կլարկսդեյլ քաղաքի 61-րդ և 49-րդ ճանապարհների խաչմերուկում պայմանավորվածություն է ձեռք բերել սատանայի հետ։

Լուրի տարածումից հետո Ռոբերտին պաշտոնապես սկսեցին անվանել Սատանա։ Ասում էին նաև, որ նա շփվում է Կանդոմբլե կուլտի քրմերի հետ։ 27 տարեկանում նա սպանվում է իր սիրուհիներից մեկի ամուսնու կողմից, սակայն շատերը կարծում են, որ պայմանավորվածության ժամկետը լրացել էր, և Սատանան վերցրել է Ջոնսոնի հոգին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել