168.am-ը գրում է․

Samsung Electronics ընկերությունն ուսումնասիրում է դիսփլեյի վնասվածքների վերաբերյալ հաղորդումները, որոնք առաջացել են Galaxy Fold նոր շարքի որոշ ծալովի սմարթֆոնների օգտագործման ընթացքում: Այս մասին ասված է ընկերության մամուլի ծառայության՝ ապրիլի 18-ին Սեուլում տարածված հայտարարության մեջ:

«Մենք ուշադիր կուսումնասիրենք այդ սմարթֆոնները՝ ստույգ որոշելու խնդրի պատճառը»,- խոստանում է Samsung Electronics-ը: Ընկերությունը նշել է, որ սահմանափակ թվով սմարթֆոններ են տրամադրվել լրագրողներին ակնարկներ գրելու համար:

Samsung Electronics-ի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ մի շարք ամերիկացի լրագրողներ իրենց ակնարկներում նշել են խնդիրների մասին, որոնք առաջացել են հարավկորեական ընկերության կողմից իրենց տրամադրված սմարթֆոնների օգտագործման ընթացքում:

Galaxy Fold-ը Samsung Electronics-ի առաջին ծալովի սմարթֆոնն է: Ծալած վիճակում սարքը կարելի է օգտագործել որպես հեռախոս, բացված վիճակում այն գործառույթներով փոխարինում է պլանշետի: Գաջեթն ունի երկու էկրան՝ 4,6-դյույմանոց եւ 7,3-դյույմանոց: Առաջինը նախատեսված է սմարթֆոնի ռեժիմով, երկրորդը՝ որպես պլանշետ սարքի աշխատանքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել