Tert.am-ը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումներ դեռ չեն եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Հովիկ Աղազարյանը:
Մամուլը գրում էր, որ այս պահին, որպես ՔՊ վարչության նախագահի ամենահավանական թեկնածու, շրջանառվում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի անունը:
Հարցին, թե հավանական համարում եք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը կուսակցության վարչության նախագահի պաշտոնում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Իհարկե, հավանական համարում եմ, բայց քննարկումներ դեռ չեն եղել: Ոչ միայն Արայիկ Հարությունյանը, էլի շատ մարդկանց թեկնածությունն եմ հավանական համարում: Շատ թեկնածուներ կարող են լինել»:
ՔՊԿ վարչության նախագահն այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է, ով ապրիլի 7-ին ստանձնեց նաև Երկրապահ կամավորականների միության նախագահի պաշտոնը. «Չեմ կարող լինել և՛ կուսակցության, և՛ երկրապահի նախագահ: Մայիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի իմ լիազորությունները վայր կդնեմ»,- ԵԿՄ համագումարից հետո կայացած ասուլիսին հայտարարել էր Սասուն Միքայելյանը:
Օրերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ տեսնում եք ձեզ ՔՊ վարչության նախագահի պաշտոնում, ասել էր. «Ասում են՝ երբեք մի ասա երբեք: Եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման օրվանից ես երբեք վարչության նախագահի թեկնածու չեմ եղել: Հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Իմ մտադրությունը և նպատակը դա է, որովհետև կարծում եմ, որ դա հակակշիռների, փոխզսպումների ձևավորման առումով ճիշտ մեխանիզմ է: Կարծում եմ՝ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, որոնք արժանիորեն կարող են այդ կարգավիճակն ունենալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ