Յելի համալսարանի գիտնականներին հաջողվել է խոզի ուղեղի գործունեությունը վերականգնել կենդանու անկումից 4 ժամ անց: Այս յուրահատուկ փորձի մասին հայտնում է Nature ամսագիրը:

Փորձը ցույց է տվել, որ անկումից 4 ժամ հետո խոզի ուղեղը ֆիզիոլոգիական պրոցեսների ունակությունը չի կորցնում՝ չնայած երկար ժամանակ թթվածին չստանալուն: Կարծիք կա, որ ուղեղը սկսում է անդառնալիորեն քայքայվել ուղեղին թթվածնի մատակարարումը դադարելուց մի քանի րոպե անց, սակայն փորձի արդյունքներից դատելով՝ ուղեղի բջիջների մահն, այնուամենայնիվ, այդքան արագ չի կատարվում:

Անկած կենդանիներից վերցված ուղեղը «վերակենդանացնելու» համար գիտնականները հատուկ սպիտակուցային կոկտեյլով արյան մատակարարման արհեստական համակարգ են օգտագործել: 32 խոզերի ուղեղները, որ հանվել էին մահվանից 4 ժամ հետո, 6 ժամ տեղադրվել են BrainEx սարքի մեջ: Ընդ որում՝ օրգաններով շրջանառություն է կատարել հատուկ լուծույթ՝ թթվածնի և սննդարար նյութերի մեծ պարունակությամբ, որը նմանակել է արյան մատակարարումը:

Փորձի ժամանակ լուծույթի մատակարարման համակարգին միացված անոթները սկսել են այն փոխադրել, վերականգնվել է նաև մանր մազանոթների աշխատանքը: Ուղեղի բջիջները վերականգնել են որոշ ֆունկցիաներ, օրինակ՝ գլյուկոզայով սնվելու ունակությունը: Վերակենդանացել են նեյրոնային պրոցեսները՝ լուծույթի «փոխադրման» գործողությունից հետո նյարդային բջիջները սկսել են էլեկտրական ազդակներ ուղարկել:

Հետազոտության համահեղինակ Նենադ Սեսթանն ընդգծել է, որ «դա կենդանի ուղեղ չէր, դա բջիջների շարունակվող գործունեությամբ ուղեղ էր»: Բնականաբար, գիտակցությունը և մտավոր գործունեությունն այս տեխնոլոգիայի օգտագործմամբ չեն վերականգնվել:

Բացառված չէ, որ այս մեթոդը և գիտնականների ստեղծած լուծույթը կկիրառվեն կաթվածից հետո հիվանդների բուժման գործընթացում՝ կարողանալով կանխել թթվածնի մատակարարման դադարեցումից հետո ուղեղի քայքայումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել