Armenpress.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կառավարության նիստում հայտարարեց, որ աղբահանության հետ կապված սկզբնական շրջանում «Սանիթեք»-ի աշխատանքը նորմալ է եղել, սակայն սխալ աշխատանքը բերել է այն վիճակին, որն այսօր առկա է:

«Մենք բազմիցս զգուշացրել ենք` այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, այդ հարցերը պետք է լուծեք: Իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք էլ մրցույթին հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևան քաղաքը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հայկ Մարությանը՝ ավելացնելով, որ մոտ 13 միլիոն դրամով տուգանել են ընկերությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ աղբահանության հետ կապված շատ են ահազանգեր ստացել: «Վիճակը կրիտիկակա՞ն է», - հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Վիճակը կրիտիկական չէ, կրիտիկականը 2012 թվականին էր Նեապոլում, այ դա ես նկարել եմ, լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք, դա է կրիտիակականը, հուսով ենք` չենք հասնի կրիտիկականի», - ասաց Հայկ Մարությանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ձևով պետք է աջակցի քաղաքապետարանին, որ «Սանիթեք»-ը պատշաճ կատարի աշխատանքը: «Բայց դուք ասացիք, թե 13 միլիոն դրամով տուգանել եք ընկերությանը, բայց սա ոչ թե լավացնելու է իրավիճակը, այլ ավելի է վատացնելու, որովհետև նրանք հաջորդ փուլում ասելու են` դե 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք, այն ժամանակ երեքն էր փչանում, հիմա յոթն է փչանում, դե գնացեք, ինչ ուզում եք արեք», - ասաց վարչապետը:

Նա նշեց, թե խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ փաստացի եղել է մեկ օպերատոր: «Որովհետև, եթե մենք ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գնեցինք մեքենաներ, հետո այդ մեքենաների բազայի վրա ստեղծելու ենք պետական հիմնարկ, որը աղբահանություն է իրականացնո՞ւմ: Շատ վտանգավոր գաղափար է, հաստատ ավելի վատ է աշխատելու», - ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Քաղաքապետն ասաց, որ ուսումնասիրություն են իրականացրել ու այսօր եվրոպական բոլոր ընկերությունները հետ են վերադառնում այն մոդելին, որ համայնքը և պետությունը կոնկրետ տրանսպորտն ու աղբահանությունը վերցնում են իրենց վրա:

«Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկեք, որ խնդիրը չսրվի», - քաղաքապետ Հայկ Մարությանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե այն ընկերությունները, որ հետևում են քննարկումներին ու կարող են աջակցել քաղաքապետարանին, վատ չի լինի, որ աջակցություն առաջարկեն: 

Ըստ այդմ, հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով:

Նախատեսվում է գնել 15 աղբատար մեքենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել