ԶԼՄ-ների անկախությունն ու բազմակարծությունը ժողովրդավարական կառավարման հիմնական պահանջներից են: Երկրում առկա անկախ և բազմակարծիք ԶԼՄ-ների առկայության դեպքում միայն մարդիկ կարող են առողջ և ազատ կարծիք ձևավորել երկրի խնդիրների վերաբերյալ: ԶԼՄ-ների մեջ անկախ լրատվության կամ բազմակարծության բացակայության դեպքում դժվար է խոսել այդ երկրում արժանապատիվ ժողովրդավարության մասին:

Արդյո՞ք մեդիան պետք է աշխատի ժողովրդավարության մեջ, թե՞ ժողովրդավարությունը պետք է հնարավորություն տա, որ մեդիան ազատ աշխատի: Սա հավի և ձվի պատմությունն է: Իհարկե, ժողովրդավարությունն ու ազատությունը պետք է հարգեն նաև օրենքի գերակայությունը, ժողովրդավարական կառավարման տարբեր պահանջներ կան, որոնք կարող են հակասել երկրի օրենքներին: Սակայն ԶԼՄ-ների ազատությունն ու բազմակարծիքությունը չպետք է ոչ մի օրենքով արգելվեն: Ընդունված է համարել, որ ընտրությունները ժողովրդավարական կառավարման պահանջների ամենաբարձր հորիզոնականում են, բայց միայն այն դեպքում ընտրությունները կարող են ազատ, արդար և ժողովրդավար լինել, եթե առկա է եղել ազատ և բազմակարծիք մեդիադաշտ: Հակառակ դեպքում միայնակ ընտրությունները չեն կարող բավարար լինել երկիրը ժողովրդավար համարելու համար: Անխոս, ընտրությունները պետք է լինեն ազատ և արդար, սակայն եթե ընտրողը՝ որպես ինֆորմացիա սպառող, չի կարողացել սպառել բազմակարծիք և ազատ ինֆորմացիա, ապա չի կարելի ասել, որ ընտրություններն արդար են անցել: Ուղղորդված կամ ոչ արդար ընտրությունը միայն այն չէ, երբ կանգնում են քվեատուփի մոտ և ուղղորդում ընտրողին կամ հենց նրա փոխարեն քվեարկում, այլ նաև այն, որ հնարավորություն չի տրվում ընտրողին ստանալու ազատ և բազմակարծիք ինֆորմացիա ԶԼՄ-ներից: 

Այսինքն՝ հասարակությունը պետք է լինի այնքան տեղեկացված, այնքան ինֆորմացված, որ կարճաժամկետ նախընտրական հանդիպումներն ազդեցություն չթողնեն նրա նախնական տրամադրվածության վրա: 

Մի կողմից որքան էլ հասարակությունը լուավոր լինի, միևնույն է, հնարավոր չէ բազմակարծիք լրատվամիջոցի բացակայության դեպքում ունենալ ժողովրդավար ընտրություն: 

Կան երկրներ, որտեղ ազատ մամուլին փոխարինելու են գալիս փորձագետները, քաղհասարակության տարբեր սեգմենտներ, որոնց քննարկումներից ցանկացած հարցի վերաբերյալ իշխանությունը ստանում է բավարար քանակի տեղեկատվություն, որն էլ հետագայում կիրառվում է կառավարման մեջ: Չնայած այս դեպքում ժողովրդավարության բարձր հորիզոնականում գտնվող մեկ այլ ցուցիչ է աշխատում՝ փորձագիտական, և քաղհասարակությունը, միևնույն է, բազմակարծություն չի ապահովում, քանի որ այդ ամենն ընտրվում է մեկ համակարգի կողմից, որին կարող ենք անվանել իշխանություն: Ըստ հայեցողության՝ ընտրովի քաղհասարակությունը կամ փորձագիտական շրջանակը չի կարող արտացոլել երկրի իրական վիճակը, դրա համար պատահական չէ, որ որոշ երկրներում հենց իշխանությունն է այլ կարծիք ունեցող ԶԼՄ ստեղծում: Ազատ և բազմակարծիք լրատվամիջոցները տվյալ երկրի լոկոմոտիվներն են. որքան դրանք ազատ լինեն, այնքան արագ առաջ կտանեն երկիրը, որքան դրանք կապված լինեն իշխանական պարաններով, այդքան երկիրը հետ կմնա: 

ՀԳ. Վերլուծականս որոշ կրճատումներով լույս է տեսել քրդալեզու թերթում:

ՀԳԳ. Չմեռանք, մեդիա վերլուծություն էլ արեցինք: Էհ գիտի գործատուի կապրիզ:)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել