ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Առաջին ընթերցմամբ ԱԺ-ն կքվեարկի կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները և ապա կացնի օրակարգի հարցերին։

ԱԺ օրակարգում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր:

Նշենք, որ այսօր ԱԺ քննարկման կդրվի նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը։

Նշենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորություններից, կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը կներկայացնի։ Այս մասին երեկ հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հուսով եմ՝ պարոն Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու որոշումը միասին կկայացնենք, որ այլևս որևէ նախարար այս ձևով չփորձի որևէ ֆրակցիայի հետ խոսել»,- նշել էր  Մարուքյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանն ուղղված կառավարության պատասխանները, որը վերաբերում էր կառավարության կառուցվածքին ու գործունեությանը։ ԼՀԿ-ին չէին բավարարել ոչ միայն գրավոր պատասխանները, այլև հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պատասխանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել