168.am-ը գրում է.

Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից: Ասում էին՝ 9 ամիս առաջ դիմել են նրան, որ կոյուղու հարցը լուծի, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:

«Թաղամասում կա կոյուղու հետ կապված խնդիր. ամբողջ կոյուղաջրերը լցվում են բնակիչների տները: Անցած տարվա հունիս ամսից դիմել ենք, ու մինչ օրս հարցը չի լուծվել: Ամբողջ հոտը լցվում է տուն, լրիվ խոլերայի բուն է»,- ասաց երեք մանկահասակ երեխաների մայր Մերին:

Շարունակելով նրա խոսքը՝ ամուսինը՝ Սարգիսը, նշեց, որ Էջմիածնի քաղաքապետն ու աշխատակազմը պարզապես չեն կատարում իրենց աշխատանքը:

«Իրենց գործն է սա, հո չե՞մ ասում՝ արի տներս ռեմոնտի կամ նպաստ տուր: Չեմ էլ պնդում, որ վաղը գա կոյուղի քաշի, թող մեքենա հատկացնի, որ զանգենք-ասենք՝ լցվել է փոսը, գա քաշի ջուրը: Մենակ թե՝ թող գան, մեքենայի գազի 5000 դրամ գումարը կվճարենք»,- հավելեց Չարենցի թաղամասի բնակիչը:

Չարենցի թաղամասի բնակիչների փոխանցմամբ՝ խնդիրը տարիների պատմություն ունի, փոսը լցվել է, ավտոմեքենան, որպեսզի գա՝ քաշի կոյուղաջուրը, 30.000 դրամ փող է անհրաժեշտ:

«Հա, էլի տանք այդ գումարը, բայց դա հարցի լուծում չէ. կոյուղաջուրն էլի մեկ ամսից լցվելու է: 70-ից ավելի բնակարան կա թաղամասում, ու բոլորը նույն վիճակում են: Եղել է, որ փոսը լցվել է, 20.000 դրամ վճարել ենք, եկել-մաքրել են, բայց հարցը չի լուծվել. նորից կոյուղաջուրը, կարելի է ասել՝ ափերից դուրս է գալիս, լցվում փողոց, ինչպես նաև՝ տներ: Հիշում եմ՝ առաջին անգամ, որ մտա Դիանա Գասպարյանի մոտ՝ ասաց՝ նախկին իշխանությունների սխալի համար ես չեմ կարող պատասխան տալ: Ասեցի՝ չեմ ասում՝ պատասխան տուր, արի տես, թե ի՞նչ վիճակ է: Հասկանում եք, վարչապետը որ ասաց՝ իմ թիմակիցն է, դրա համար իրեն ընտրեցինք, թե չէ՝ ոչ մեկը նրան չէր ճանաչում»,- նկատեց Սարգիսը:

Կապ հաստատեցինք Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, ով նշեց, որ Էջմիածնի մի շարք թաղամասեր ունեն կոյուղագծի խնդիր:

«Չարենց թաղամասը երևի ամենաքիչ բնակիչներ ունեցողներից է, որ ունի նմանատիպ խնդիր: Մենք սկսել ենք կոյուղագծերի խնդրի լուծումն անցած տարվանից: Արամ Մանուկյան 1-ին թաղամասում հրատապության ծրագրով 4500 մետր երկարությամբ կոյուղագիծ է անցկացվում: Այսինքն՝ խնդիրը քայլ առ քայլ լուծվելու է: Մենք ունենք այլ թաղամասեր ևս, որոնք կոյուղագծի խնդիր ունեն, և դա մեր ուշադրության կենտրոնում է: Բնականաբար, տարիների խնդիրները չեն կարող լուծվել մեկ ամսում կամ մեկ տարում, այդ իսկ պատճառով բնակիչներին հորդորում ենք համբերատար լինել»,- մեզ հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետը՝ ընդգծելով, որ սա մեծ ծախսերի հետ կապված խնդիր է:

Ինչ վերաբերում է կոյուղաջուրը քաշող մեքենաներին՝ Դիանա Գասպարյանը նկատեց.

«Քաղաքապետարանը չի կարող անընդհատ այդ ծառայությունը կատարել, որովհետև նմանատիպ հարմարեցված մեքենաներ չունենք: Մենք՝ որպես միջնորդ, խնդրում և հորդորում ենք «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի իրենց մեքենաներով կոյուղաջրերը քաշեն»:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք «Վեոլիա ջուր» ընկերության մատուցած ծառայությունների համար բնակիչները վճարելու են, Էջմիածնի քաղաքապետը պատասխանեց.

«Ոչ, քաղաքապետարանն է վճարում այս դեպքում, բայց անվերջ չենք կարող վճարել, քանի որ մեծ ծախսերի հետ գործ ունենք: Կոնկրետ Չարենցի փողոցի հետ կապված՝ հիմա ես ժամկետ չեմ կարող նշել, թե երբ վերջնական հարցը կլուծվի: Մենք անգամ ունենք թաղամաս, որտեղ 5000 մետր կոյուղագիծ է անհրաժեշտ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել