ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականների խումբը եկել է եզրակացության, որ Սթոունհենջի շինարարները եկել են Միջերկրական ծովի երկրներից։

Հետազոտողները ուսումնասիրել են 4-5 հազար տարի առաջ Սթոունհենջի մոտակայքում ապրած մարդկանց ԴՆԹ-ն և պարզել, որ նրանք գենետիկորեն նման են այդ ժամանակաշրջանում Հունաստանի և Թուրքիայի, իսկ այնուհետև Իսպանիայի և Պորտուգալիայի բնակիչներին։ Մասնագետները կարծում են, որ մոտ 6 հազար տարի առաջ մարդիկ այդ տարածաշրջաններից տեղափոխվել են Մեծ Բրիտանիա։ Կղզու վրա նրանք փոխարինել են որսորդ-հավաքողներին և հիմնել առաջին ֆերմերական տնտեսությունը։

Այս միգրացիան Փոքր Ասիայից մարդկանց մասսայական տեղափողության մի մասն է եղել, որը սկսվել է շուրջ 8 հազար տարի առաջ, ինչի արդյունքում էլ Եվրոպայում տարածում է ստացել գյուղատնտեսությունը։ Որոշ խմբեր չեն անցել Լա-Մանշը, այլ Ատլանտյան օվկիանոսով շարունակել են իրենց նավարկությունը և հասել մինչև Բրիտանական կղզիներ։

Սթոունհենջը գտնվում է Ուիլթշիրում։ Այն կառուցվել է մեր թվարկությունից մոտ 2500 տարի առաջ։ Նրա քարերից ամենածանրերը կշռում են 30-40 տոննա։ Թե ինչի համար է նախատեսված եղել համալիրը, մինչև հիմա անհայտ է, թեև կան ենթադրություններ, որ այն օգտագործել են ծիսական արարողությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել