168.am-ը գրում է.

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ ոտքի էր հանել ոչ միայն «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցներին, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Եթե գործարանի աշխատակիցները փակել էին դեպի գործարան տանող ճանապարհը և պահանջում էին, ըստ էության, իրենց գործատուին չզրկել գերիշխող դիրքերից («ԱրարատՑեմենտին» է պատկանում շուկայի մոտ 70%-ը), ապա «ծառուկյանական» պատգամավորները փորձում էին իշխանական իրենց գործընկերների միջոցով հասնել որևէ արդյունքի:

Խնդիրն այն է, որ ապրիլի 12-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Պետական տուրքի» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը, ինչպես այդ ժամանակ ներկայացվեց հանձնաժողովում, պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը: Նախագծով, հիշեցնենք, կառավարությունն առաջարկել էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22.000 դրամ։

Ընդ որում՝ այդ նիստին ԲՀԿ-ական պատգամավորներից ներկա էին ոչ միայն հանձնաժողովի անդամները՝ Հրանտ Մադաթյանը, Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը, այլ նաև Սերգեյ Բագրատյանն ու խմբակցության մի քանի փորձագետներ: Այդքանով հանդերձ՝ նրանք, մեղմ ասած, չէին նկատել, կամ, թերևս, չէին ընկալել հենց այդ նիստում արված մեկ այլ հավելյալ փոփոխություն, որի առաջարկը ներկայացրել էր հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:

Խոսքը կլինկերի ներմուծումը տուրքից ազատելու մասին է: Կլինկերը ցեմենտի պատրաստման համար օգտագործվող թրծված խառնուրդ է, որի ինքնարժեքը Իրանից ներկրելու դեպքում շատ ավելի ցածր է՝ 1 տոննայի հաշվով 9-11 դոլար, քան, եթե այն արտադրվում է Հայաստանում, մասնավորապես՝ «ԱրարատՑեմենտ» գործարանում:

Եվ ահա, ԲՀԿ-ական պատգամավորները հանձնաժողովի նիստում միայն ընդհանրական մտահոգություններ հայտնեցին՝ շեշտելով տեղական արտադրողին պաշտպանելու անհրաժեշտությունը, իսկ կլինկերի պահով ոչ մի խոսք չհնչեցրին և միաձայն կողմ քվեարկեցին Թունյանի առաջարկությանը:

Ավելի ուշ, «168 Ժամի» տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն իր պատգամավորների գլխին «շանթ ու որոտ է տեղացել»՝ այդքան մեծ բացթողնման համար: Եվ նույն օրը՝ ապրիլի 12-ին, «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցները ծանուցումներ են ստացել՝ 2 ամսից աշխատանքից ազատման մասին, որի արդյունքում էլ ոտքի են ելել:

Մեզ հետ զրույցում ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդիրը «շատ լուրջ» որակեց: «Ցեմենտի արտադրության մեջ կլինկերը 80-90%-ն է կազմում: Մեր խնդիրն այն է, որ նախ և առաջ ունենք ցեմենտի սեփական արտադրություն, որովհետև դա ռազմավարական ապրանք է, և, իհարկե, աշխատատեղերը պահպանենք: Կլինկերի վրա տուրք չդնելու դեպքում նման խոշոր գործարանում արտադրությունը ոչ շահութաբեր է դառնում, որովհետև դա անընդհատ ցիկլի արտադրություն է, մի քանի օրով փակել-բացել չի կարելի, վառարանները գիշեր-ցերեկ պետք է աշխատեն:

«ԱրարատՑեմենտի» հզորությունը 1.1 մլն տոննա է, եթե գործարանը պետք է 100 կամ 200 հազար տոննա արտադրի, վնասաբեր է լինելու, այսինքն՝ չի կարող իր հզորության 10-15%-ով արդյունավետ աշխատել: Ի՞նչ ենք կորցնում այդ նախագծի արդյունքում. գործարանը կսկսի ինքը կլինկեր ներմուծել, և 1400-ի փոխարեն՝ կունենանք 100 աշխատող:

Նաև կորցնում ենք՝ գազի դիմաց 3 մլն դոլարի վճարը, էլեկտրաէներգիայի դիմաց՝ 1.5 մլն դոլար տարեկան գումարը, 5 մլրդ դրամ տարեկան տուրքեր և հարկերը, և կորցնում ենք աշխատավարձը, որ մարդիկ չեն ստանա ու գործազուրկ կդառնան: Նաև պետք է հաշվել, թե արտադրական բնույթի այդպիսի մեկ աշխատատեղն ի՞նչ արժի»,- ասաց Մ.Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ ցեմենտն ունի ռազմավարական նշանակություն, և, օրինակ, եթե մի օր ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներով այդ կլինկերը չկարողացան ներկրել, Հայաստանը չի ունենա ցեմենտ արտադրելու սեփական կարողություն.

«Այլ երկրներ ամեն կերպ պաշտպանում են իրենց սեփական արտադրողներին, կարգավորումներ են մտցնում շուկաներում: Իսկ մենք ի՞նչ ենք ուզում՝ ամբողջությամբ ապավինել ներկրումների՞ն: Այդ ամենը կտանի մենաշնորհացման, մրցակցային վիճակը կվատթարանա ու կիսամենաշնորհային իրավիճակ կստեղծվի, իրանցիներն իրենց գները կթելադրեն: Զարմանալ կարելի է, դեռևս խորհրդային տարիներին ցեմենտը ռազմավարական նշանակություն է ունեցել, հիմա ուզում են փակեն»:

Մ.Մելքումյանը չկարողացավ հստակ պարզաբանել, թե ինչո՞ւ են ԲՀԿ-ականները կողմ քվեարկել այդ առաջարկությանը: «Եղած հիմնավորումների մեջ սա մի փոքր քայլ է, որ մենք չենք ընդունում, գուցե այդ պատճառով: Ես իրենց հետ չեմ զրուցել»: Մելքումյանը դժվարացավ պատասխանել նաև հարցին, թե ինչո՞ւ է միայն «ԱրարատՑեմենտը» բողոքում, իսկ, օրինակ, «ՀրազդանՑեմենտը»՝ ոչ:

«Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել գործարանը և ձեռնարկության մենեջմենթը պետք է ասի: Եթե դրա արդյունքում պետք է փակվի էդ գործարանը, մարդիկ իրենց շահերը չպաշտպանե՞ն»,- ասաց նա:

Նախագիծն ընդգրկված է ԱԺ-ի՝ այսօր մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում: ԲՀԿ-ականները պատրաստվում են այս անգամ, ըստ ամենայնի, դեմ քվեարկել նախագծին, եթե իրենց առաջարկը՝ տուրք սահմանել նաև կլինկերի վրա, չընդունվի:

Իսկ ի՞նչ են ասում սպառողները: Զրուցեցինք շինարարության ոլորտում երկար տարիների փորձառություն ունեցող գործարարների հետ: Պարզվում է՝ նրանք էլ իրենց հերթին են դժգոհ նախագծից: Այս դեպքում խնդիրն իրանական ցեմենտի թանկացման հեռանկարն է:

Շինարարները պայմանագրեր ունեն իրանական ընկերությունների հետ՝ ցեմենտի մատակարարման վերաբերյալ, իսկ պետտուրքի սահմանումը խառնում է բոլոր խաղաքարտերը: Մինչդեռ նրանք նշում են, որ իրանական ցեմենտը տեղականի համեմատ գերադասելի է նաև ավելի բարձր որակի շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել