Azatutyun.am-ը գրում է.

Անձի նկատմամբ հետախուզում հայտարարվում է ոչ միայն նրա գտնվելու վայրը պարզելու, այլ նաև նրան վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու համար, հայտնեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ եթե իրավապահները տեղյակ են Միհրան Պողոսյանի գտնվելու վայրի մասին, ապա ինչո՞ւ է նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել:

Ըստ Օհանջյանյանի՝ վարույթ իրականացնող մարմինը մի քանի անգամ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին հրավիրել է հարցաքննության, սակայն նա տարբեր պատճառաբանություններով խուսափել է ներկայանալ:

ՀՔԾ խոսնակը չմանրամասնեց՝ ի վերջո Պողոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկությունները փոխանցվե՞լ են ՀՔԾ, թե՞ ոչ։ Այսօր մամուլում տարածվել է Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարությունը, որում ասվում է, թե առաջին իսկ օրից քննիչին է տրամադրվել Մոսկվայում գտնվող Պողոսյանի հասցեն։

ՀՔԾ խոսնակն անդարդարձավ նաև Պողոսյանի գրասենյակի երեկվա հայտարարությանը, ըստ որի ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին, մասնավորապես, նրա հաշիվների վրա 800 միլիոն դոլար ունենալու մասին որևէ փաստացի հիմնավորում տալ, բայց ապարդյուն։ Ի պատասխան, Օհանջանյանը նշեց, որ քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և որոշում կայացրեց Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։

ՀՔԾ-ն նրան որպես մեղադրյալ է ներգրավել ոչ միայն հայտնի Պանամայի օֆշորի գործով, այլև մի շարք դրվագներով։ Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Միհրան Պողոսյանը օֆշորային սկանդալի գործով վերջերս հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալու հարցաքննությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել