Թութանհամոնը Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոնն էր, ով կառավարել է մ.թ.ա. մոտ 1332-1323 թթ.: Մահացել է 19 տարեկան հասակում: Նա Էխնաթոնի և Նեֆերտիտիի դստեր ամուսինն էր, և, հավանաբար, Էխնաթոնի կրտսեր եղբայրը: Վերջերս հնէաբաններն ու հնագետները պարզեցին, որ Թութանհամոնի յուրօրինակ դանակը պատրաստված է եղել ասուպից:

Հնագետները ենթադրում են, որ սվինը պատրաստված է ասուպե նյութից: Ասուպները տիեզերական տարածությունից Երկրի մթնոլորտ ներթափանցող քարե մարմիններ և փոշու մասնիկներ են, որոնք օդի հետ շփումից շիկանում ու այրվում են։ «Մենք կարծում ենք, որ հին եգիպտացիները փոքր դեկորատիվ կամ ծիսական մեծ նշանակություն ունեցող իրեր պատրաստելիս նախապատվությունը տվել են ասուպե երկաթին»,- նշում են գիտնականները:

Վերջիններս սվինի նյութական բաղադրությունը ռենտգենային հետազոտության են ենթարկել: Դանակի սայրը, որը մեծ մասամբ պատրաստված է երկաթից, նիկելի և կոլբատի անբնական մեծ չափաբաժին ունի:

Նույն բաղադրությունն ունեն ասուպները, որոնք հայտնաբերվել են Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափամերձ շրջանում՝ երկու հազար կմ տարածության վրա:

Որպես ապացույց այն բանի, որ դանակը ասուպից է պատրաստված, հարկ է նշել, որ եգիպտացիները շուրջ վեց հազար տարի առաջ կարողանում էին աշխատել ոսկու, բրոնզի և պղնձի հետ, իսկ երկաթի ձուլման տեխնոլոգիան նրանց մոտ զարգացել է մոտ հազար տարի անց: Գիտնականները նաև նշում են, որ եգիպտացիների հնագույն գրառումներում հաճախ հիշատակվում է երկնքից ընկնող երկաթի մասին:

Նախկինում հնէաբաններն արդեն իսկ հայտնաբերել էին առարկա, որը հին եգիպտացիները պատրաստել էին ասուպից: Դրանց թվին են դասվում, մասնավորապես, 2013 թ. Նեղոսի կողքին գտնվող գերեզմանոցում հայտնաբերված ինը երկաթե գնդերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել