Մարդու կողմից ստեղծված ամենահիասքանչ կառույցներից մեկը՝ Փարիզի Աստվածամոր տաճարը, գտնվում է Սենայի ափին։ Այն կարծես կենդանի երաժշտություն լինի՝ քարի մեջ պարփակված։

1. Արդեն մեր թվարկության 4-րդ դարում այն վայրում, որտեղ այսօր վեր է խոյանում տաճարը, գործում էր Սբ․ Ստեփանի եկեղեցին։ Ցավոք, այն ավիրեցին նորմանները, որոնք խուժել էին Ֆրանսիայի տարածք։ 6-րդ դարում այս եկեղեցու կողքին կառուցեցին Սուրբ Աստվածամորը նվիրված եկեղեցի։

2. 12-րդ դարում երկու եկեղեցիներն անկում ապրեցին, և Փարիզի եպիսկոպոսը որոշեց տաճար կառուցել։ Հենց այսպես էլ սկսվեց մեծ տաճարի պատմությունը։

3. Տաճարի կառուցումը շարունակվեց շուրջ երկու դար՝ 1163-ից, երբ Լյուդովիկոս VII արքան և Ալեքսանդր III Պապը հիմքի առաջին քարը տեղադրեցին, մինչև 1330 թ․։

4. Նախատեսված էր տաճարն այնքան մեծ կառուցել, որ դրանում տեղավորվի Փարիզի ողջ բնակչությունը, իսկ այդ տարիներին բնակչության թիվը կազմում էր մոտ 10 հազար։ Այսօր Փարիզի բնակչությունը բազմապատկվել է, սակայն Փարիզի Աստվածամոր տաճարը դեռևս պատրաստ է ապաստան տալ ավելի քան 9 հազար մարդու։

5. Ֆրանսիայի գլխավոր տաճարը գտնվում է Սիտե թերակղզում։ Քանի որ տաճարը կառուցվել է մի քանի սերունդների կողմից, դրանում միախառնված են ռոմանական և գոթական ոճերը։

6. Հետաքրքրական է, որ տաճարում ոչ մի պատ չկա։ Ողջ տարածությունը զբաղեցնում են սյուները, որոնք իրար են կապվում կամարներով։

7. Տաճարի միջին նավում, որը հինգ նավերից ամենամեծն է, կարելի է հեշտությամբ 12-հարկանի տուն տեղավորել։ Կենտրոնական երկու նավերը խաչվում են միմյանց՝ հիշեցնելով խաչ, որի վրա խաչել են Հիսուս Քրիստոսին։

8. Երեք սուր կամարները պահում են մուտքը։ Դրանց շուրջ կանգնած են սրբերի ու հրեշտակների արձաններ։ Տաճարի այլ հատվածներում կանգնեցված են նաև աստվածաշնչյան արքաների արձաններ։

9. Մեծ ուշադրություն է հարկավոր դարձնել զանգակատանը, որն իր ժամանակին ծառայում էր որպես  Փարիզի պահակադիտանոց։ Այստեղից հիասքանչ տեսարան է բացվում ողջ Փարիզի վրա, և միաժամանակ սա ապահով ապաստարան է բնակիչների համար։

10. 19-րդ դարում Փարիզի գլխավոր տեսարժան վայրն անկում ապրեց, և 1841 թ․ կառավարությունը ստիպված եղավ հատուկ որոշում ընդունել՝ 4 տարի անց ռեստավրացիա սկսելու։

11. Այսօր Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի գլխավոր հուշարձանն է։ Այն գտնվում է քաղաքի գրեթե կենտրոնում և պատմական մեծ արժեք ունի։

12. Տաճարում է պահվում քրիստոնեական գլխավոր մասունքներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի փշե թագը։ Մինչ 1063 թ․ թագը գտնվում էր Երուսաղեմի Սիոն քաղաքում, որտեղից էլ այն տեղափոխել են Կոստանդնուպոլսի բյուզանդական կայսրերի ամրոց։ Բալդուին II-ը՝ Լատինական կայսրության վերջին կայսրը, ստիպված էր մասունքը Վենետիկ տեղափոխել։ 1238 թ․ Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս IX-ը թագը վերցրեց բյուզանդացի կայսրից։ 1239 թ․ օգոստոսի 18-ին արքան այն տեղափոխեց Փարիզի Աստվածամոր տաճար։ 1243-1248 թ․ Սիտե թերակղզում գտնվող արքայական ամրոցում կառուցվեց Սուրբ ժամատունը՝ Փշե թագն այնտեղ պահելու համար։ Թագն այստեղ էր գտնվում մինչև Ֆրանսիական հեղափոխությունը։ Ավելի ուշ այն վերջնականապես տեղափոխվեց Փարիզի Աստվածամոր տաճար։

13. Յուրաքանչյուր տարի տաճար է այցելում 14 միլիոն մարդ, և այն համարվում է Եվրոպայի ամենահայտնի հուշարձաններից մեկը:

14. 2009 թ. Մայքլ Ջեքսոնի երկրպագուները, որոնք հավաքվել էին տաճարի մոտ, կարծում էին, թե զանգի ղողանջները հնչում են իրենց կուռքի հիշատակին: Իրականում, իհարկե, դա այդպես չէր:

15. Միջին դարերում Փարիզի Աստվածամոր տաճարը Աստվածաշունչ էր նրանց համար, ովքեր կարդալ չգիտեին. քրիստոնեության ողջ պատմությունը արտացոլված է բազմաթիվ քանդակներում, որոնք զարդարում են շինությունը: Իսկ ահա հրեշավոր տեսք ունեցող գարգույլների մասին, որոնք վերևից հսկում են անցորդներին, բազմաթիվ առասպելներ ու լեգենդներ են հորինվել: XVII դարում ուսումնասիրողները փորձում էին վերծանել փիլիսոփայական քարի գաղտնիքը, որը, համաձայն ավանդության, ճարտարապետական կառույցի մեջ կոդավորել են միջնադարյան ալքիմիկոսները:

16. Փարիզի Աստվածամոր տաճարը կառուցված է հեթանոսական վանքի տեղում, որտեղ հռոմեացիները I դարում երկրպագում էին Յուպիտերին: Ավելի ուշ՝ 528 թ., այստեղ կառուցվեց ռոմանական Սեն Էտյեն եկեղեցին: Եվ վերջապես, 1163 թ. Փարիզի եպիսկոպոսը հիմնեց նոր տաճար՝ նվիրված Մարիամ Աստվածամորը:

17. Լեգենդար կառույցին բախտ է վիճակվել ականատես լինելու Ֆրանսիայի պատմության խոշորագույն իրադարձություններից շատերին: Այստեղ խաչակիրները աղոթել են սուրբ պատերազմ մեկնելուց առաջ, Ֆիլիպ IV-ը 1302 թ. ստեղծել է առաջին խորհրդարանը, 1422 թ. թագադրվել է Հենրիխ VI-ը, և Մարիա Ստյուարտն ամուսնացել է Ֆռանցիսկոս II-ի հետ, իսկ 1804 թ. Նապոլեոնը ստացել է կայսեր թագը:

Ֆրանսիական հեղափոխության ամենաթեժ պահին, երբ էպիկենտրոնում Փարիզն էր, վրդովված ամբոխը ներխուժեց տաճար, որը արքայական իշխանության խորհրդանիշն էր համարվում, և գլխատեց հուդայական 28 թագավորների արձաններ:

18. 2019 թ. ապրիլի 15-ին պատմական անհամեմատելի արժեք ունեցող տաճարը հրդեհվեց, սակայն հետևանքները հստակորեն դեռևս հայտնի չեն: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը տաճարում ընթացող վերականգնողական աշխատանքներն են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել