Ճարպերի բարձր և ածխաջրերի ցածր պարունակությամբ նախաճաշն օգնում է օրվա ընթացքում վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը և արդյունավետ է դիաբետիկների համար: Այս կապակցությամբ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կանադացի գիտնականները խորհուրդ են տվել 2-րդ տիպի շաքարախտով տառապող մարդկանց առավոտյան օմլետ (ձվածեղ) ուտել, հայտնում է Medicalxpress-ը:

Պրոֆեսոր Ջոնաթան Լիթլի խոսքերով՝ շաքարախտով տառապողները պետք է հրաժարվեն նախաճաշին շիլաներ, տապակած հաց և միրգ ուտելուց, քանի որ այդ մթերքները կարող են արյան մեջ շաքարի մակարդակի շեշտակի աճ առաջացնել մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակելու պատճառով: Գիտնականը բացատրել է, որ նախաճաշը «խնդրահարույց» է 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց համար: Եվ դրա լավագույն ելքը ճարպերին նախապատվություն տալն է:

Պրոֆեսորը կարծում է, որ հասարակ ձվածեղը կամ օմլետը լավ միջոց է շաքարի մակարդակի բարձրացումը կանխելու, օրվա ընթացքում գլիկեմիկ հսկումը բարելավելու և նույնիսկ շաքարային դիաբետի այլ բարդությունները նվազեցնելու համար:

Նոր հետազոտությամբ պարզվել է նաև, որ քաղցի զգացումն ուտելուց առաջ և օրվա վերջին քաղցր ուտելու ցանկությունը դիաբետիկների մոտ ավելի ցածր է եղել, եթե նրանք նախաճաշին ածխաջրերի ցածր պարունակությամբ սնունդ են կերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել