Yerkir.am-ը գրում է․

Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլի և թուրք օգտատերերի շրջանում: Մասնավորապես` հեղինակավոր Yeni Akit պարբերականի` Նոտր Դամի հրդեհի վերաբերյալ նյութը սկսվում է այսպես. «Այսպես կոչված` Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Նոտր Դամ տաճարում հրդեհ է բռնկվել»: Պարբերականն ակնարկում է այն փաստը, որ օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Yeni Akit պարբերականին, որը համարվում է Թուրքիայի հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը և ունի ծայրահեղ իսլամամետ ուղղվածություն, հղում են տվել բազմաթիվ այլ լրատվամիջոցներ ևս:

Սոցցանցերի թուրք օգտատերերից շատերը ևս բավական ծայրահեղ են արձագանքել տաճարի հրդեհին: Ոմանք գրել են, որ դա պատիժ է Եվրոպային` Նոր Զելանդիայի ահաբեկչությանն ու մուսուլմանների այլ սպանություններին համարժեք պատասխան չտալու համար, ոմանք էլ հիշատակում էին, որ դա Ալլահի պատիժն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման համար` կոչ անելով  ֆրանսիացիներին` օգնության համար դիմել իրենց բարեկամ հայերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել