«Երեկ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը տևել է շուրջ երեք ժամ։ 

Հանդիպումից հետո տարածած հայտարարությամբ արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արձանագրել են, որ երեկվա հանդիպումը Վիեննայում մարտի 29-ին կայացած հանդիման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն էր, և, որ դրա ընթացքում մասնակիցները քննարկել են «իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև՝ հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները»:

Հայտարարության մեջ նշված է նաև, որ  հանդիպման ընթացքում ընդգծվել է կողմերի շահագրգռվածությունը՝ հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում:

«Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»,- նշված է հայտարարության մեջ:

Ինչպես և սպասվում էր, արտգործնախարարների հանդիպումն ընթացել է Վիեննայի վերջին հանդիպման տրամաբանության շրջանակներում, որի ընթացքում ձեռք են բերվել հումանիտար քայլեր կատարելու մասին պայմանավորվածություններ։

Երեկվա հանդիպումն առանձնանում էր, սակայն, նրանով, որ այն տեղի էր ունենում Մոսկվայում, և ամենակարևորը՝ Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ Եվ ամենակարևոր հարցն այն է՝ արդյո՞ք գործ ունենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ռուսաստանի հերթական ակտիվացման և բանակցային գործընթացը վերահսկելու ռուսական ձգտման հետ։ Դա էլ իր հերթին՝ հարց է առաջացնում՝ արդյո՞ք դեռևս շարունակում է ակտուալ մնալ «Լավրովի պլանը», որը, ինչպես վերջերս հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ներկայացվել է Հայաստանին և Ադրբեջանին և մերժվել է երկու կողմերից էլ։

Հիշեցնենք, որ «Լավրովի պլանը» կարգավորման Մադրիդյան սկզբունքների շրջանակներում նախատեսում է նաև խաղաղապահ զորքերի տեղակայում Լեռնային Ղարաբաղում։

Չկա որևէ վկայություն, որ Ռուսաստանը հրաժարվել է «Լավրովի պլանից», ճիշտ հակառակը՝ կա հավանականություն, որ ցանկացած նման՝ Մոսկվայի ներքո կայացող հանդիպման ընթացքում Կրեմլը փորձելու է վերաթարմացնել «Լավրովի պլանը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել