168.am-ը գրում է.

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ

– Պարոն Մանուկյան, Պետական եկամուտների կոմիտեում միլիոնավոր պարգևավճարների աղմուկից հետո նորից նույն պրակտիկան շարունակվում է: Ավելին՝ կառավարությունը վերջերս հաստատեց ՊԵԿ պարգևատրման ֆոնդը 2 մլրդ 330 մլն դրամով ավելացնելու որոշումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

– Եթե մենք խոսում ենք պարգևատրումը՝ որպես ինստիտուտի մասին, կարծում եմ, այն պետք է՝ որպես խրախուսանքի ձև, մշտապես լինի: Այլ հարց է, որ սրանով չպետք է փորձենք երկակի զուգահեռ իրականություններ ստեղծել: Փորձեմ բացատրել. երբ դուք գնում, մասնակցում եք մի պաշտոնի մրցույթի, դիցուք՝ փոխնախարար, ՊԵԿ-ի դեպքում՝ տեղակալ, ձեզ ի պաշտոնե ամրակցված է մի դրույքաչափ, որն այլ հավասար պայմաններում կարող է բավարար չլինել, որ դուք ստանձնեք այդ պաշտոնը:

Բայց եթե մենք սրան գումարում ենք, որ պերմանենտ բնույթի որոշակի գումար դու ևս ստանում ես, կարող է արդեն սկսել մտածել, և այդ պաշտոնը գրավիչ դառնա: Հենց սա եմ ես անվանում զուգահեռ իրականություն, և այս առումով, կարծում եմ, ժամանակն է, որ մենք պետական կառավարման համակարգում ընդհանուր աշխատավարձային քաղաքականության բարեփոխումներ անենք, որում չափազանց կարևոր կլինեն նաև սոցիալական երաշխիքները:

Մենք ըստ էության շահագրգռում ենք աշխատավարձով, որը բավարար չի նորմալ կենսագործունեության համար, և պարգևավճարների մեխանիզմով փորձում ենք այս մարդուն ինչ-որ հավելյալ մոտիվացիաներ տալ: Եվ երբ սկսում ենք այս մասով ավելի հստակություններ, կանոնակարգումներ մտցնել, առաջին ռեակցիան է՝ սա բավարար չի, ես կթողնեմ, կգնամ այլ համակարգ, և այլն, մինչդեռ պետությունն այս նույն սուբյեկտի վրա բավականաչափ մեծ ներդրումներ է անում՝ գործուղումներ, գիտելիքներ, կոնֆերանսներ, որն ունի ինստիտուցիոնալ հիշողություն, և այս կադրերը մեզ համար չափազանց կարևոր են:

Ընդունված պրակտիկա է, որ այս խնդիրը փորձում են հորիզոնը մեծացնելով լուծել, այսինքն՝ երկարաժամկետով: Եթե ամեն տարի ես ստանում եմ իմ կատարողականից կախված որոշակի պարգևավճար, և դրան զուգահեռ՝ ես ստանում եմ՝ ինչպես ընթացիկ սոցիալական երաշխիքներ, այնպես էլ՝ երկարաժամկետ, սա հնարավորություն է ընձեռում, որ ես ավելի երկար մտածեմ, ավելի ամրակցված լինեմ իմ աշխատանքին՝ դա անելով ավելի արդյունավետ և ունենալով երկարաժամկետում պետության կողմից ևս իմ կատարած աշխատանքի վարձահատույց լինելու մեխանիզմներ: Կարծում եմ, որ մենք պետք է աստիճանաբար այս մասով լրջագույն ռեֆորմներ իրականացնենք:

– Բայց կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ արտահայտվեց ՊԵԿ պարգևավճարների ավելացմանը՝ ասելով, որ պարգևավճարները բոլորովին երաշխիք չեն, որ կոռուպցիա այլևս չի լինի, և կկաշառքը վերանա:

– Մեծ հաշվով՝ ո՞րն է բանաձևը. եկամուտ, պատժելիության ռիսկ, որ ես կարող է ինչ-ինչ պատճառներով բռնվեմ, և այն պատիժը, որ ես կարող եմ կրել այդ բռնվելու արդյունքում: Երբ այս բանաձևում մենք միայն եկամտային գործոնն ենք շեշտադրում, կարծելով, թե նվազ գայթակղություն կլինի, եթե պատժելիությունը և բռնվելու հավանականությունն ըստ էության չփոփոխվեն, ապա դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն կլինի:

Ավելի մարդկային լեզվով ասած՝ մենք այս պարագայում, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ բավականին մեծ առաջընթաց կա, և այն մարդը, որ ինչ-ինչ առումներով կներգրավվի կոռուպցիոն ռիսկերի մեջ, նրա պատժվելու կամ բռնվելու հավանականությունը մեծացել է: Իհարկե, մենք խնդիր ունենք նաև պատժաչափերի խստության առումով, այստեղ էլ բավականաչափ անելիքներ կան, բայց միայն եկամտի բարձրացումը դիտակել, որ առանց պատժաչափերի խստության՝ այս մոտիվացիայի դեմ կարելի է առնել, սա կարծում եմ, մի փոքր ճիշտ պնդում չի, և դրա օրինակը մենք ունենք:

Օրինակ՝ երբ մենք դատավորների աշխատավարձերը բարձրացրեցինք, ըստ էության, հիմնավորելով եվրոպական լավագույն փորձով, դրանից դատական համակարգը չդարձավ ավելի կանխատեսելի, և այնտեղ՝ ինչպես կային կառուպցիոն ռիսկեր, այնպես էլ՝ դրանք մնացին: Այսինքն՝ դրանք պետք է իրականացվեն զուգահեռաբար, որպեսզի ավելի ճիշտ ձևով արդյունք լինի:

– Բայց այդ բռնվելու պահը կարծես այնքան էլ արդյունավետ չէ: Օրինակ՝ առողջապահության փոխնախարարը նոր իշխանության կողմից նշանակված կադր է և հանկարծ բռնվեց կոռուպցիայի մեջ:

– Իսկ դուք չեք դիտում, որ սա նաև իմ ասածն է՝ օրենքի տառը չապահովելու դեպքում՝ բռնվելու առաջ հավասար են բոլորը: Նոր իշխանությունների օրոք դուք տեսաք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այդ դեպքի վերաբերյալ: Ըստ էության, սա խոսում է այն մասին, որ ամբողջովին տրանսֆորմացիա է իրականացվում օրենքի տառին համապատասխան մոտեցումների ամրագրմանը՝ անկախ նրանից, թե ով է, ինչ է, անկախ պաշտոնից:

– Սակայն ականատես ենք լինում նաև այնպիսի երևույթի, երբ ԱԱԾ-ն կալանավորում է ու հետո բաց թողնում, օրինակ՝ Պետական վերահսկողական ծառայության աշխատակցի դեպքը:

– Նախ՝ քննություն է ընթանում, բաց թողնվելուց հետո գործը չի կարճվել, քննությունը շարունակվում է, և երկու անձ էր բերման ենթարկվել, կարծես մեկն է բաց թողնվել: Կարող է քննչական գործողությունների արդյունքում ինքն անմեղ է ճանաչվել… չեմ կարող ասել, չեմ տիրապետում գործի նյութերի մանրամասներին:

– Վերադառնալով պարգևավճարներին՝ սոցիալական արդարության խաթարման խնդիր չե՞ք տեսնում: Մարդիկ դժգոհ են հավասարության բացակայությունից, հասարակությունը չի ընկալում միլիոնների պարգևատրումները:

– Հասկանում եմ և ընդունում եմ այդ տեսակետն այն առումով, որ ինքս էլ նշեցի, որ պետական համակարգում լրջագույն բարեփոխումներ են անհրաժեշտ, այդ թվում՝ աշխատավարձային քաղաքականության առումով, այդ թվում՝ մենք պետք է փորձենք հնարավորինս լավացնենք բանակի մասով այդ մոտեցումը: Դուք էլ տեսաք, որ միջոցների գեներացման պարագայում, վարչապետն էլ նշեց, որ ըստ էության պլանավորվածից մի փոքր ավելի դրական զարգացումներ կան, և հենց առաջին պայմանը ոչ թե՝ դա պարգևավճարների ֆոնդին ուղղելն է, այլ՝ ուսուցիչների կամ զինծառայողների համար ավելի կանխատեսելի կամ տեսանելի աշխատավարձային բարձրացումն է: Իհարկե, կարող եք ասել` 10%-ը ոչ մի բան է, բայց, կներեք, այդ 10%-ներով մենք պետք է փորձենք աստիճանաբար ավելի բարեկեցիկ կամ ներառական տնտեսական աճի մոդելը տեսանելի դարձնենք հասարակության տարբեր շերտերի ու խավերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել