Էկվադորի իշխանությունները, որի լոնդոնյան դեսպանատանը ապրիլի 11-ին բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել է 47-ամյա Ջուլիան Ասանժը, ակնարկել են, որ WikiLeaks-ի հիմնադիրն, ըստ երևույթին, հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի: CNN-ի փոխանցմամբ, Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն հայտարարել է, որ դեսպանատանն, առանց ելքի, գրեթե յոթ տարի անցկացրած Ասանժը, հյուրին անվայել ագրեսիա և անհարգալից վերաբերմունք է դրսևորել շրջապատի նկատմամբ, կոպտել անձնակազմին: Ռոմոնի խոսքերով, նա նաև, արտաթորանքը քսել է շինության պատերին:

Ավելի վաղ, այս տարվա հունվարին, հաղորդվել էր նաև, որ Ասանժը շաբաթներով լոգանք չի ընդունում և չի փոխում հագուստը: «Ջուլիանն ամեն ինչ ուտում էր ձեռքերով և միշտ մատները սրբում էր տաբատով: Ես երբեք նման յուղոտ տաբատ չեմ տեսել իմ կյանքի ընթացքում»,- International Business Times պարբերականին պատմել է Ասանժի նախկին օգնական Դանիել Դոմշայտ-Բերգը:

Ասանժի՝ հիգիենայի տարրական կանոնները չպահպանելու մասին հաղորդվել է դեռ նրա դեսպանատանն ապաստանելուց առաջ:

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ավելի վաղ հայտարարել էր, որ համբերությունը սպառվել է Ասանժի և նրա վարքագծի հանդեպ և որ նրան զրկում է քաղաքական ապաստանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել