Ապրիլի 15-ին նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում: Այս հանդիպումը տեղավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մեջ և այս հանդիպումից որևէ դրական տեղաշարժ ակնկալելը միամտություն կլինի: Նմանատիպ հանդիպումները, որպես կանոն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ներկայացնում են այն, ինչը կա երկու երկրների արտաքին քաղաքականության և հարցի կարգավորման շուրջ, այսինքն՝ վերահաստատում են այն, ինչը կա և գոյություն ունի:

Քանի որ կա մի չգրված օրենք այս բանակցային գործընթացում, ապա սպասելի էր եռակողմ այս հանդիպումը: 2019 թ.-ի մարտի 28-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին, բայց այս անգամ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: 

Դե ֆակտո սա այն ձևաչափն է, որն առկա է հրադադարի ռեժիմի հաստատման պահից ի վեր: Ձևաչափում չկա փոփոխություն, բայց հնարավոր է բովանդակության մեջ մտցնել փոփոխություն և այս հանդիպումները չդարձնել մի տեսակ մրցակցային դաշտ ՌԴ-ի և միջազգային կառույցների միջև: Մտքերի փոխանակումը, կարծիքների հայտնումը պետք է վերանա, և մենք հանդիպումների այս հարթակը պետք է կարողանանք օգտագործել նպատակային և թիրախային: Յուրաքանչյուր հանդիպումից անհրաժեշտ է ակնկալել որևէ տեղաշարժ: Դա կլինի գերիների հարցում, կլինի տեղեկատվական պատերազմի հարցում, թե սահմանային գոտում գյուղատնտեսական աշխատանքների անխափան իրականացման հարցում, բայց պետք է լինի շոշափելի արդյունք: Իհարկե, դժվար է հասնել դրան, բայց խաղաղության ճանապարհը հեշտ չէ, այն նաև պետք է կոտրի կարծրատիպեր, իսկ այդ հանդիպումները պետք է ուղղված լինեն դրան: Ապրիլի 15-ի հանդիպումը եթե Ռուսաստանի պատասխան հանդիպումն է մարտի 28-ի հանդիպմանը, ապա մենք սպասելու ենք հերթական հայտարարությանը հետևյալ տեքստով. եղավ կարծիքների փոխանակում, հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Այն տեքստը, որին հաջորդեց 2016-ի ապրիլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել