«Երեկ Գյումրիի ավագանին որոշում է կայացրել 1 միլիոն դրամ հատկացնել Քաղաքացու օրը նշելու միջոցառումների կազմակերպման համար։ Որոշումն ընդունվել է միաձայն, առանց որևէ «դեմ» ձայնի։

Պետք է սպասել, որ առաջիկայում նմանատիպ որոշումներ կընդունեն հանրապետության այլ քաղաքներ ու գյուղեր ևս՝ յուրաքանչյուրը՝ իրեն համապատասխան չափով դրամական հատկացումներ կատարելով Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպման համար։ Խնդիրը, սակայն, գումարը չէ, թեև Հայաստանի աղքատ համայնքների դեպքում կարևոր են նաև ֆինանսական միջոցները։ Խնդիրն ավելի խորքային է և վերաբերում է իշխանության առաջնահերթություններին ու արժեքային համակարգին։

Գործող իշխանության համար հեղափոխությունը գերագույն արժեք է, ամեն ինչից վեր։ Հեղափոխությունը, ինչպես հայտարարել են շատ հեղափոխականներ, վեր է արցախյան հաղթանակից, չի հայտարարվել, սակայն հեղափոխականների ընկալմամբ, թերևս, վեր է նաև Սահմանադրությունից, և, ինչո՞ւ ոչ, նաև պետությունից։

Հեղափոխության ֆետիշացման մասին են վկայում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտերկրյա այցերի ընթացքում հնչող ելույթները։ Նա գրեթե ամենուր հանգամանորեն ներկայացնում է թավշյա հեղափոխությունը՝ դա դարձնելով, ըստ էության, որպես Հայաստանի ապրանքանիշ։ Այդպիսին էր նաև Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), այն զգալի չափով նվիրված էր հեղափոխությանը․․․

Ինչ վերաբերում է Քաղաքացու օրվան, ապա այն, ամենայն հավանականությամբ, կնշվի մեծ շուքով, իշխանական կառույցներն ամեն ինչ կանեն միջոցառումների մարդաշատությունն ապահովելու և տոնին մասսայականության շունչ հաղորդելու համար։ Իշխանությունը բաց չի թողնի այդ առիթով հերթական տեսարանն ապահովելու հնարավորությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել