Քունը մարդու կյանքի անբաժանելի մասը կազմող երևույթ է, որը վերականգնում է ուժերն ու հորմոնալ ֆոնը: Սակայն կան մարդիկ, որոնք երկար տարիներով զրկվում են քնելու հնարավորությունից: Լիարժեք հանգստի բացակայությունը հանգեցնում է օրգանիզմում անդառնալի հետևանքների, որոնց հետևանքով մարդը մահանում է: Հայտնի են դեպքեր, երբ անքնությամբ տառապում են անգամ ամբողջական ընտանիքներ:

Սիլվանո

Ոմն իտալացի Սիլվանո մի անգամ ծովային ճամփորդության մեկնեց: 53-ամյա տղամարդն ակտիվորեն մասնակցում էր բոլոր միջոցառումներին, այդ իսկ պատճառով կրուիզում անցկացվող պարերի երեկոն բաց թողնել չէր կարող: Սիլվանոն հագավ իր լավագույն սմոքինգը և ուղևորվեց խնջույքի, սակայն իտալացու տրամադրությունը միանգամից փչացավ, քանի որ նա հայտնաբերեց, որ իր կոստյումն ամբողջապես պատվել է քրիտինքով: Սիլվանոն անմիջապես գնաց լվացարան և նայեց ինքն իրեն հայելու մեջ: Տղամարդը սարսափի մատնվեց. իր ակնաբիբերը վերածվել էին երկու սև կետերի, իսկ աչքերն անառողջ ապակե փայլ էին ստացել: Սիլվանոն հասկացավ, որ ընտանեկան ողբերգությունը նրան ևս այցելել է: Բանն այն էր, որ նրա հայրն ու երկու քույրերը մահացել էին գաղտնի հիվանդության պատճառով, որը կոչվում է «արթուն կոմա»:

Սիլվանոն գիտեր, որ հիվանդությունն իր մոտ արդեն սկսվել է: Նա վստահ էր, որ ողջ մարմինը ցնցվելու է, ուժերը պակասելու են, ապա քնի բացակայություն է առաջանալու, որը տևելու է երկար ամիսներ: Այդ որոգայթից ելք չկար, քանի որ անքնությունն անխուսափելի մահվան էր հանգեցնելու: Սիլվանոն դիմեց մասնագետների, որոնք ուսումնասիրում էին քնի հետ կապված խնդիրները: Գիտնականները սկսեցին ուսոումնասիրել տղամարդու դեպքը, սակայն Սիլվանոն հավատ չուներ ոչ ոքի նկատմամբ: Բժիշկ Պիերո Կորտելին զարմացել էր՝ տեսնելով, որ հիվանդը վստահորեն խոսում է իր մահվան մասին, որը մեկ տարվա ընթացքում վրա է հասնելու: Սիլվանոն հիշում էր, որ իր սերնդում մի քանի նախնիներ են եղել, որոնք մահացել են նման հիվանդության պատճառով, ինչը բերում է քնի բացակայության:

Անեծք

Պատմության հերոսն իսկապես մահացավ: Սելիվանո ընտանիքը երկար ժամանակ իր ճակատագիրը գաղտնի էր պահում, սակայն 15 տարի առաջ Սելիվանոները որոշեցին պատմել ընտանիքի պատմությունը բժիշկ Մաքսին, որը որոշ ժամանակ անց հենց այս խորհրդավոր ընտանիքին վերաբերող գիրք հրատարակեց: Գրելու ընթացքում Մաքսին հաջողվեց գտնել փաստաթղթեր, որոնցում նկարագրվում էր XVIII դարում ապրած վենետիկցի մի բժշկի հիվանդությունը: Երիտասարդ տարիքում այդ տղամարդը հանկարծակիորեն հայտնվել է երկարատև ընդարմացման վիճակում: Նույնը կատարվել է նաև այդ բժշկի զարմիկի՝ Ջուզեպեի հետ: Տղամարդու որդիները՝ Անջելոն և Վինչենցոն, նույնպես «արթուն կոմայի» մեջ են հայտնվել, ինչից հետո մահացել են: Տարօրինակ հիվանդությունն առկա էր Սելիվանոների ընտանիքի պատմության բոլոր սերունդների մոտ, և դրանով տառապողներից և ոչ ոքին փրկել չի հաջողվել: Երկրորդ աշխարհամարտից սկսած մինչև 80-ական թվականները հիվանդությունը չէր հանդիպել ընտանիքի ոչ մի անդամի, մինչև կրուիզի վրա տեղի ունեցած չարաբաստիկ դեպքը: Սիլվանոյից հետո մահացան ևս երկու հարազատներ:

Ցավոք, գիտնականները դեռ միջոց չեն գտել բուժելու այս սարսափելի հիվանդությունից, որը մարդուն սպանում է քնի բացակայության միջոցով, չնայած որ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, սակայն գիտնականներին հաջողվել է պարզել, որ այս հիվանդության պատճառը վիրուսանման «գործակալ» պրիոնն է, որը գլխուղեղում կազմավորվում է ինչ-որ գենետիկ մուտացիայի հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել