168.am-ը գրում է.

«Հայաստանում ամիսներ առաջ տեղի ունեցած իրադարձություններն իշխող ուժը համարում էր հեղափոխություն, և ենթադրվում էր, որ հեղափոխությունը դա արմատական փոփոխություն է եղած իրավիճակին։ Այսինքն՝ այն ժամանակ իշխում էր քրեաօլիգարխիկ համակարգը, որը վերացնելուց հետո, երբ նոր համակարգ են ստեղծում, բնականաբար, կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ պետք է ներկայացնեն հայեցակարգեր՝ դատաիրավական բարեփոխումների, սահմանադրության, տնտեսության, հարկային ու մաքսային, գիտության և այլ  ոլորտների վերաբերյալ։ Սակայն ԵԽԽՎ-ում վարչապետի երեկվա ելույթը ցույց տվեց իրականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթի մեծ մասը նվիրված էր անցյալին՝ տեղի ունեցած հեղափոխությանը, վարչապետը ներկայացնում էր իր դերը և հեղափոխությունը, ինչը խոսում է այն մասին, որ հեղափոխությունից մեկ տարի անց քաղաքական օրակարգում դատարկություն է տիրում՝ չկա հայեցակարգային որևէ մոտեցում։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ կա միայն երեք կարևոր հարց, որոնց մասին խոսել են՝ Կառավարության ծրագիրը, կառուցվածքը և Հարկային օրենսգիրքը։

«ԵԽԽՎ-ի գլխավոր հարթակը վարչապետն օգտագործեց պատմելու համար, թե անցյալում ինչ է եղել, այսինքն՝ այն անցյալի օրակարգ էր։ Նա ցույց չտվեց, թե որն է Հայաստանի դերը եվրոպական ընդհանուր ընտանիքում, և 540-րդ անգամ կրկնեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փոխվում, բացի այս նախադասությունից՝ չնշվեց, թե որն է Հայաստան-Եվրոպա քաղաքական օրակարգը, հնչեց միայն մեկ հարց, թե ինչու Եվրախորհուրդը չի աշխատում Արցախի քաղհասարակության հետ և չի նպաստում այնտեղի ժողովրդավարացմանը։ Այդ ելույթից հետո էլ մասնակցեց ցուցահանդեսի և, գիդի դեր ստանձնելով՝ ցույց էր տալիս հեղափոխության նկարները»,- շեշտեց քաղտեխնոլոգը։

Նա նկատեց՝ ներքաղաքական կյանքի օրակարգին փոխարինել են ինչ-որ շոուներ՝ Նորագավիթի մաքսատան իրադարձությունները, Գյումրի կատարած այցը, Քաղաքացու օր նշելը, ԱԺ-ում տեղի ունեցած ելույթները, որոնք ընդամենն ունենում են մեկ կամ երկու օրվա կյանք։

«Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հստակ չէ, թե Հայաստանն ուր է գնում, բարեփոխումների մասին խոսք չկա։ Պարզվում է, որ Քաղաքացու օրը ավելի կարևոր է, քան Անկախության և Շուշիի ազատագրման օրերը: Քաղաքացու օրը կարևորեցին՝ առանց հաշվի առնելու, որ քաղաքացու օր պետք է ամբողջ տարին լինի։ Սրանք կարճաժամկետ հարցեր են, մեկ-երկու օր կքննարկեն, կնշեն, ինչպես վարչապետն ասաց՝ Մաշտոցի պուրակում խորոված կանեն։

Մենք տեսնում ենք, որ վարչապետը գնում է մաքսատուն և դրոշի հետ կապված՝ շոուին նմանվող որոշակի գործողություններ անում, ինչն այս դեպքում սև PR էր, դրոշը գետնին ընկած չէր, այլ պատին հենված, որտե՞ղ է գրված, որ այդ աշխատողը պատասխանատու էր դրոշի համար»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի բնորոշմամբ՝ երբ երկրի ղեկավարն ինչ-որ հիմնարկ է մտնում և սկսում է հետևել մաքրությանը, դա բնորոշ է ավտորիտար համակարգ ունեցող երկրներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել