ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Այս մասին նշված է ՀՀ Ազգային ժողովի կայքում:

ՀՀ վարչապետը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի  թեկնածությունը:

ՀՀ վարչապետի՝ ազգային ժողովի նախագահին ուղղված առաջարկում ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, ղեկավարվելով Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը»:

Գարեգին Բաղրամյանն այս պահին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն է:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր 2018-ի հուլիսի 1-ին և նա վայր էր դրել իր լիազորությունները։ Նրան ժամանակավորապես փոխարինում էր ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը:
Գարեգին Բաղրամյանի կենսագրությունը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1977թ., 22 հուլիս,  ք. Երևան

Կրթություն

1984-1994թթ.-Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց,
1994-1998թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետ, ճարտարագիտության բակալավր,
1996-1998թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունք, 
1998-2000թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագիտության մագիստրոս,
2000-2002թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ասպիրանտուրա), Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագետ-հետազոտող:
Աշխատանքային գործունեություն 
1999-2002թթ.-ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, տեխնիկական փորձաքննության վարչություն, սակագնային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի, առաջատար մասնագետ,
2002-2003թթ.-ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ,
2003-2004թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ,
2004-2011թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետ,
2011-2018թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության պետ,
2016թ. սեպտեմբերի 1-ից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, դասախոս,
2018թ. հունիսի 11-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:

Այլ տվյալներ 

Հաշվառված է պահեստազորում:

2003թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Պարգևներ

ՀՀ նախագահի 2015թ. հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
ԼՂՀ վարչապետի 2017թ. որոշմամբ պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական է:

Անձնական տվյալներ 

Ամուսնացած է, ունի որդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել