Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել։

Ըստ հաղորդագրության, քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման հանգամանքները։

Քննչական կոմիտեն նշում է, որ մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի՝ 1986թ. ծնված բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ պոլիէթիլենային փաթեթ` 2,57 գրամ հաստատուն քաշով կանաչավուն, յուրահատուկ մանրացված զանգվածի պարունակությամբ: Փաթեթի պարունակությունը ենթարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փորձագետի՝ մարտի 18-ին ստացված եզրակացության համաձայն՝ հիշյալ փաթեթի պարունակությունը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում մարտի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով [Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը] և 268 հոդվածի 1-ին մասով [Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը], որը քննչական ենթակայության կարգով ստացվել է Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կոմիտեն նշում է, որ քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը թմրամիջոցը ձեռք է բերել Երևան քաղաքի՝ 1959թ. ծնված բնակչից:

«Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ տարբեր սենյակներից հայտնաբերվել են ընդհանուր մոտ 78,5 գրամ քաշով, տարբեր փաթեթների մեջ լցված կանաչավուն, յուրահատուկ հոտով չորացված զանգվածներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել», – ասված է հաղորդագրությունում:

Ինչպես Քննչական կոմիտեն է փոխանցում, նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ, անձի ճանաչման քննչական գործողություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1959թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

1986թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

«Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել