ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

«Նրանց առողջական վիճակը նորմալ է»,- քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 20:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Բժիշկների հավաստմամբ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել