ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի միջամտում Լոնդոնում ձերբակալված WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործին, որը յոթ տարի գտնվել է Էկվադորի դեսպանատանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդում է ABC-ն:

Թրամփի խոսքերով, նա «ոչինչ չգիտի» WikiLeaks-ի մասին: «Դա իմ մասով չէ: Ես գիտեմ, որ Ջուլիան Ասանժի հետ կապված ինչ-որ բան է եղել»,- պարզաբանել է նա: Թրամփը հավելել է, որ Ասանժի գործով կզբաղվի և որոշումներ կկայացնի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը:

Լոնդոնի ոստիկանությունը Ասանժին ձերբակալել է Էկվադորի իշխանությունների կողմից նրան քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը չեղարկելուց հետո: WikiLeaks-ի հիմնադիրը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատ արձակման պայմանների խախտման համար: Ասանժը կալանքի տակ կմնա մինչև հաջորդ դատական նիստը:

WikiLeaks-ի հիմնադիրը Էկվադորի դեսպանատանն է գտնվել 2012 թվականից՝ Շվեդիա արտահանձնումից խուսափելու նպատակով, որտեղ նա մեղադրվում է բռնաբարության մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նրան մեղադրում են Պենտագոնի համակարգչային ցանցերը «կոտրելու» նպատակով դավադրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել