Եռագույնի մասին

Թղթի վրա գրված օրենքը՝ մի կողմ, սրտում ու հոգում գրված օրենքը՝ մի կողմ...

Դրոշը ազգերի, պետությունների տարբերանշանն է: 

10-12 տարի առաջ Ստամբուլում հայ համայնքին հյուր էի գնացել և այնտեղ տեսա մեր եռագույնի գույներով ժապավեններ, որոնք գավաթների վրա էին կապած: Ինձ բացատրեցին, որ թուրքերն արգելում են եռագույն դրոշի առկայությունը տարածքում, իրենք էլ այսպես՝ ժապավենների համադրությամբ դրոշի իմիտացիա են ստեղծել: Պաշտոնապես այն ոչ մի կերպ չէր տեղավորվում սևով սպիտակի վրա գրված դրոշի մասին մեր օրենքում, բայց այն ամենաազդեցիկ դրոշներից էր ինձ համար:

Մեկ այլ բան․ երբ Արևմտյան Հայաստանում էի և մեր դրոշի գույներով շապիկ էի հագել, թուրք պահակը (ոստիկանի նման մի բան ա) ինձ թույլ չէր տալիս Աղթամար կղզի գնալ, քանի որ նա շապիկս նմանեցնում էր դրոշին: 
Հայոց եռագույնը միշտ պետք է լինի կրծքին մոտ, գլխավերևում կամ թիկունքին: Ես մեր հանրապետության բոլոր մարզերում լինում եմ, գրեթե բոլոր համայնքներում, և սիրտս ցավում, մղկտում է, միևնույն ժամանակ ջղայնանում եմ, երբ պետական հիմնարկների, համայնքապետարանների վրա տեսնում եմ ծվեն-ծվեն եղած, գունաթափված դրոշները... Տարիներ առաջ Բավրայի անցակետում մեծ կռիվ սարքեցի մեր դրոշի համար, որին դրոշ ասելը մեղք էր:
Ինձ համար Հայաստանի Հանրապետության դրոշը սրբություն է, Արարատի գլխին ծածանված դրոշը պահում եմ սրբորեն: Հայաստանում այն օգտագործել եմ մեկ անգամ`«Հայոց հզոր բանակ» ծրագրի առաջին հավաքի ժամանակ: Օգտագործել եմ, որպես հարթակ բանակի համար ձեռք բերված նյութատեխնիկական սարքավորումների ցուցադրաման համար, որն իմաստ ուներ:

Պատահական չէ, որ թշնամի պետությունները, ի նշան բողոքի, այրում են միմյանց դրոշները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել