Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի նոր իշխանությունների համար չափազանց կարևոր է, որ հայության համար երկիրը դառնա համախմբման կենտրոն: Ինչպես Ստրասբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես շատ ուրախ եմ, որ այս ամբողջ ժամանակահատվածում դուք ոչ մի վայրկյան մտքով չեք հեռացել Հայաստանից, իսկ դա նշանակում է, որ ձեր՝ ֆիզիկապես Հայաստանում լինելը ժամանակի հարց է»,-ասաց նա:

 Խոսելով հայրենադարձության մասին՝ Փաշինյանը նշեց, որ դա իրենք պատկերացնում են Հայաստանը հնարավորությունների երկիր դարձնելով, որպեսզի յուրաքանչյուր հայ կարողանա իր հմտություններն ու տաղանդը իրացնել:

Նա վստահեցրեց, որ այս պրոցեսը Հայաստանում արդեն սկսվել է: «Հայաստանի քաղաքացին բարձրագույն իշխանություն է և դրանում ոչ ոք չի կասկածում: Հայաստանը դարձնելով հնարավորությունների երկիր՝ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա իր աշխատանքով սեփական ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Մենք նպատակ ունենք, որ մեր երկիրը դառնա հնարավորությունների պետություն և լինի գրավիչ»,-նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ գործում կարևոր է աշխատանքը: Ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք:

Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի այն հարցին,թե ինչպես է նա պատկերացնում Հայաստան վերադարձած քաղաքացիներին աջակցությունը, վարչապետը  նշեց, որ մի քանի վարկածներ էին քննարկվում, այդ թվում մատչելի հիփոթեքային վարկեր տրամադրելը, սակայն ընդունվեց այն մոտեցումը, հնարավորություններ ունենան բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանում և ցանկանում են ապրել Հայաստանում:

Վարչապետ Փաշինյանը անդրադարձավ նաև այն դիտարկումներին, թե Հայաստանում փոփոխություններ չեն կատարվում և որ իշխանությունները չունեն տնտեսական ռազմավարություն: «Աշխարհի պատմության մեջ չկա դեպք, երբ հեղափոխությունը չի հանդուրժել ռեցեսիա, իսկ այսօր հեղափոխությունից ամիսներ անց մենք տնտեսական աճի մեջ ենք: Վերջին տասը ամսում Հայաստանում 51 հազար աշխատատեղ է ստեղծվել, իհարկե չենք կարող ասել, թե դրանց որ մասն է զրոյից ստեղծվել, իսկ որ մասը ստվերից դուրս եկել, սակայն ցանկացած դեպքում դա հաջողություն է»,-ասաց նա:

Վարչապետը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց վերջին ամիսներին Հայաստանում իրականացված բարեփոխումները, սոցիալական ծրագրերը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել