Armenpress.am-ը գրում է.

Ամերիկաբնակ հայորդի Հարություն Աղա-Սարգսյանը և քույրը՝ Վարդուհին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ֆոնդերին են հանձնել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր:

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նվիրատվության համար. «ԱՄՆ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթերի լիարժեք հավաքածու ունենալու դեպքում կկազմակերպենք ժամանակավոր ցուցադրություն: Սա կարևոր է բոլորիս համար, այն նաև ամերիկահայության պատմության մի մասն է»:

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ. դ. Արտակ Մովսիսյանը, որի ջանքերի շնորհիվ էին այս փաստաթղթերը հասել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, նշել է.

«Թող այս ընտանիքի օրինակը վարակիչ լինի, նմանօրինակ փաստաթղթերի տեղը մայր հայրենիքն է: Շատ կարևոր է տեղացի հետազոտողներին ձեռքի տակ ունենալ ուսումնասիրության նյութ»:

Քույր ու եղբայր Աղա-Սարգսյանները խոստացել են, որ հետևողական կլինեն, որպեսզի մյուս նահանգներից էլ ՀՑԹԻ ուղարկվեն ճանաչման հետ առնչվող արխիվային փաստաթղթեր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել