«Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պետության հաշվին լուրջ փողեր է վաստակում, և տարածքը, որը համարվում է նրա տիկնոջ սեփականությունը, փաստորեն, տարիներ շարունակ տասնյակ-միլիոններ աշխատել է՝ ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկայիս իշխանության օրոք:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին մեկիկ-մեկիկ հաշվում էր պետության վատնած փողերը, այսօր իշխանության ղեկավարի դիրքից հանդուրժողաբար է մոտենում մեկ անձից գնում կատարելու միջոցով Սամվել Ալեքսանյան-ՊԵԿ գործարքին:

Արշակունյաց 127/21 հասցեում գործող ավտոմեքենաների մասնագիտացված ՊԵԿ մաքսատունը, ուր երեկ աշխատանքային այց էր կատարել Նիկոլ Փաշինյանը, իրականում Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է համարվում: Եվ 4561 քմ մակերես ունեցող տարածքը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վարձակալում է Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից:

Իսկ ուշագրավն այն է, որ ներկայիս իշխանությունը, որ ժամանակին ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում այդքան սուր քննադատում էր նախկին իշխանությանը՝ նույն Սամվել Ալեքսանյանին մենաշնորհներ տալու համար, այսօր ինքն է նույն գործարարին խրախուսում, նրա հետ անշարժ գույքի գործարք է կատարել՝ առանց մրցույթի հայտարարման՝ մեկ անձից գնում կատարելու միջոցով:

Ավելին՝ վարձակալության պայմանագիրը, որ կնքվում է հենց գործարարի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի հետ՝ որպես պետության հետ երկարաժամկետ գործարք միևնույն անձի հետ, այլևս չի դիտարկվում կոռուպցիոն ռիսկ, և այս գործարքի հիմքերով այլևս քննարկման ենթակա չէ բյուջետային անարդյունավետ ծախսի թեման:

Տարեկան բյուջեիցամեն անգամ գործարարին այս գործարքի դիմաց փոխանցվում է նվազագույնը 36 մլն դրամ, իսկ մի քանի տարիների հանրագումարն արդեն գերազանցել է 530 մլն դրամը, բայց հարկատուներիս հաշվին կառավարության և ՊԵԿ-ի անարդյունավետ ծախսերը, չգիտես ինչու, վրիպել են Նիկոլ Փաշինյանի աչքից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել