«2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 700 դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունների, խոշտանգումների, մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Ստրասբուրգից տեղեկություններ հասան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումնե­րից մի քանիսի մասով մերժման որոշումներ է հրապարակել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի ներկայացրած «Խուդունցը՝ ընդդեմ Ադրբեջանի» բողոքին: Եվրոպական դատարանը դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի: Ուշագրավն այն է, որ անընդունելի է համարվել կամ մերժվել է կոնկրետ հայցը այն պատճառով, որ դիմումատուն՝ մենք, չենք կարողացել հիմնավորել մեր պահանջը և փաստերով ապացուցել:

Իսկ ովքե՞ր են այն հայցերի հեղինակները, նրանց թվում են Արա Ղազարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտ­պան Մարեն Մելիքյանը, Արտակ Զեյնալյանը, որն այժմ ՀՀ արդարադատության նախարարն է, փաստաբաններ, իրավապաշտ­պաններ: Բացի նրանցից, կատարվածում առանցքային դերակատարություն ունի նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Արտակ Գասպարյանը, որը պետք է ամեն գնով մեր շահերն առաջ մղի: Ինչո՞ւ պարտվեցինք Եվրադատարանում, ինչո՞ւ չենք կարողացել հիմ­նավորել մեր հայցերը:

«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցերին հայցերի համահեղինակ, այսօր արդեն ՀՀ արդարադատության նա­խարար Արտակ Զեյնալյանը այսպես պատասխանեց. «Այդքան պարզունակ չէ. ասել՝ մերժել է այդ հայցը: Այն չի ընդունել քննության: Ընդունելության փուլում լուծել է այդ հարցը և տվել է իրավական դիրքորոշումներ, գնահատականներ»:

Բա եթե ապրիլյան ակնհայտ ագրեսիան չեք կարողանում միջազգային ատյաններում հիմնավորել, մեր երկրի ներսում ինչպես պիտի արդարադատության մթնոլորտ ապահովեք:

Մեր այս հարցին, Զեյնալյանը պատասխանեց, թե «շատ կոպիտ եք»: Դե իհար­կե, որովհետև ՄԻԵԴ-ում այս պարտությունը բոլորինս է, սրանք սոսկ մասնավոր գանգատներ չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել