Operativ.am-ը գրում է․

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ՝ ամփոփելու մարզային քննչական վարչության` 2018 թվականի և 2019 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները:

Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում եղել է 1200 քրեական գործ, որը կազմել է Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի 4.67 %-ը:

Մինչև 2 ամիս ժամկետում ավարտվել է թվով 247 քրեական գործ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 149-ի դիմաց), 2-4 ամիս ժամկետում` 117 (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 70-ի դիմաց), 4-6 ամիս ժամկետում` 50 (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 44-ի դիմաց):

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը: Դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:

ՔԿ նախագահը հատուկ անդրադարձել է բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին և արձանագրված դեպքերի բացահայտման նպատակով տվել հանձնարարականներ:

Աշխատանքային այցի ընթացքում ՔԿ նախագահը կարևորել է անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման հարցը` ընդգծելով, որ եթե քննիչի տեսական գիտելիքները պատշաճ մակարդակի չեն, ապա նրա օգտակար գործողության գործակիցը չի կարող բարձր լինել.

«Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի, հակառակ դեպքում մեր կողմից կոշտ քայլերը չեն ուշանա: Պետք է գնանք կատարելագործման ճանապարհով և չբավարարվենք ձեռք բերածով: Քննիչի պարտականությունը օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելն է»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը շեշտեց, որ Քննչական կոմիտեի յուրաքանչյուր ծառայող իր վարքով պետք է հեղինակություն դառնա մարզի բնակչության համար.

«Անհատապես բոլորիդ կողքին կանգնած եմ: Մենք բոլորս քննիչներ ենք, սակայն՝ տարբեր պաշտոններում: Յուրաքանչյուրս մեր վարքով պետք է բարձր պահենք քննիչի հեղինակությունը, և սա առաջին հերթին պետք է դրսևորվի քաղաքացիների հետ շփումներում՝ կոռեկտ վարք դրսևորելով»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը Լոռու մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատեց գերազանց և վարչության պետին հանձնարարեց ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել