Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաղթել է ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում և կկարողանա իշխող կոալիցիա ձևավորել, հայտնում է The Jerusalem Post-ը՝ մանրամասնելով, որ ներկայումս հաշվվել է քվեաթերթիկների 97%-ը:

Ըստ նախնական արդյունքների՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը 35 տեղ է ստացել խորհրդարանում:

«Շնորհակալ եմ Իսրայելի քաղաքացիներին իրենց վստահության համար: Այս պահից սկսած՝ աջակողմյան ուժերի կառավարություն կձևավորեմ մեր գործընկերների հետ»,- կեսգիշերին հայտարարել է Նեթանյահուն:

Մի քանի կուսակցություն արդեն հայտնել է Նեթանյահուին միանալու որոշման մասին:

Վարչապետի պաշտոնի մեկ այլ հավակնորդ Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը երկրորդ տեղում է և խորհրդարանում կունենա 35 տեղ: Հատկանշական է, որ նախքան Նեթանյահուի հայտարարությունը Գանցն ասել էր, որ հաղթել է իր կուսակցությունը:

«Այս ընտրություններն ունեն հստակ հաղթող և պարտվող: Նեթանյահուն 40 տեղ էր խոստացել ու պարտվեց: Նախագահը կարող է տեսնել ստեղծված պատկերն ու պետք է հաղթողին ասի կառավարություն ձևավորել: Այլընտրանք չկա»,- ասել էր Գանցը:

Հայտնի է, որ, ըստ նախնական արդյունքների, Իսրայելի խորհրդարան կանցնի ԼԳԲՏ համայնքի 5 ներկայացուցիչ:

Պարբերականը նկատում է, որ հաղթանակը շատ կարևոր էր Նեթանյահուի համար, որին գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիթը փետրվարին հարցաքննել էր կաշառք ստանալու գործի շրջանակում: Այժմ հաղթանակը վարչապետին հնարավորություն կտա նոր ուժով դիմակայելու մեղադրանքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել