«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է անդրադառնում արցախյան հակամարտության կարգավորման հարցում հայտնի «մադրիդյան սկզբունք­ներին» և ընդգծում դրանք պարզաբանե­լու հարցը: Նման հայտարարությամբ նա առաջին անգամ հանդես էր եկել Ստեփանակերտում Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համա­տեղ նիստում, իսկ ապրիլի 7-ին այդ մա­սին կրկին նշեց արդեն Երկրապահ կա­մավորականների միության արտահերթ համագումարում ելույթ ունենալիս:

«Անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ի՞նչ կարող են նշանակել «մադ­րիդյան սկզբունքներ գործնականում, ի՞նչ հնարավոր ելքերի կարող են հանգեց­նել այդ սկզբունքների շրջա­նակում ընթացող բանակցությունները: Եվ ուզում եմ ասել, որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել, և մի­այն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք՝ որքանով են ըն­դունելի և որքանով են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, և, ընդհանրա­պես, ընդունելի են, թե ընդունելի չեն»:

Նշենք, որ «մադրիդյան սկզբունքները» Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ­վել են 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում, իսկ թարմացված տարբերակի մի մասն էլ հրապարակվել է 2009 թվականի հուլիսի 10-ին: Հիմնական սկզբունքների մեջ է մտնում, օրինակ, նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնումն Ադրբեջանին, ներքին տեղահանված փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրա­վունքը, միջանկյալ կարգավիճակ և այլն:

Սակայն շատ հետաքրքիր գործընթաց­ներ են եղել մինչ «մադրիդյան» սկզբունքնե­րի հրապարակումը: Խոսքը վերաբերում է հատկապես այդ սկզբունքների շուրջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, դիրքորոշումներին և «Վիկիլիքսի» գաղտնազերծմանը: 

Նախ՝ գաղտնիք չէ, որ ՀՀ առաջին նախա­գահը մշտապես բացասաբար է արտահայտվել «մադրիդյան սկզբունքների» մասին և երբեք չի թաքցրել այդ մասին: 

Եվ հե­տաքրքիր է, որ շատ դեպքերում առաջին նախագահի խոսքերն այլ բան են ասում, գաղտնազերծված փաստաթղթերը՝ այլ: Նախ՝ նշենք, որ 2017 թվականի մարտի 22-ին հարցազրույց տալով «Օրակարգից դուրս» հաղորդաշարին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ ծրագիր նա չի առաջարկել:

«Բոլոր առաջարկները, որ մինչև հիմա հնչել են, եղել են ոչ թե մեր առաջարկները կամ Ադրբեջանի կամ Ղարաբաղի, այլ միջազգային այդ կառույցների առաջարկները մեզ՝ հակամարտող կողմերին: Հարցը կոնկրետ է դրված, կա մի կարգավորման պլան՝ այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» հիման վրա, որն արդեն բանակցվում է՝ 2007-ից սկսած»,- ասել է առաջին նախագահը, իսկ դեռևս 2007 թվականի վերջերին, երբ նա ակտիվացել էր և վերադարձել քաղաքականություն, առիթը բաց չէր թողնում քննադատելու այդ սկզբունքները:

Եվ ահա, «Վիկիլիքսի» հոդվածը, որը հրապարակվել է 2007 թվականի հոկտեմբեր 17-ին, պատմում է այն մասին, թե ինչպես առաջին նախագահը Մինսկի խմբի բանակցող Մեթյու Բրայզային փորձել էր փոխանցել իր դիտարկումները, սակայն գաղտնիությունը պահելու պայմանով:

«Նկատի ունենալով նախագահ Քոչարյանի առաջիկա հեռանալը պաշտոնից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է փաստաթուղթ կազմեն՝ ֆիքսելու բա­նակցությունների վիճակը: Նա չցանկա­ցավ, որ սա արձանագրվի որպես իր գա­ղափար, սակայն հույս ուներ, որ Բրայզան սա մյուս համանախագահներին կներկայացնի որպես իր սեփական նախաձեռնու­թյուն»,- ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, թե առաջին նա­խագահը նշել է, որ պետք է լինի որևէ ֆորմալ փաստաթուղթ, որը կարձանագ­րեր, թե ինչի էր հաջողվել հասնել ԼՂ բանակցություններում: «Նա գտնում էր, որ Մինսկի խմբի համանախագահների համար դա անելու լավագույն ճանապարհը գուցե այն էր, որ կազմեր ֆորմալ փաստաթուղթ, որը երկու կողմերին կառաջարկեր արդեն իսկ արդյունավետորեն համաձայնեցված, բոլոր տարրերը ընդգր­կող լուծման ծրագիր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել