Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահի գիտնականներն ապացույցներ են գտել, որ Լեոնարդո դա Վինչին հավասարապես տիրապետել է երկու ձեռքերին:

Մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնողներն ուսումնասիրել են բնապատկերի ուրվագիծը, որը համարվում է նկարչի առաջին աշխատանքներից մեկը և պատկերում է Առնո գետի ափը և Մոնտելուպո ամրոցը: Այն դա Վինչին նկարել է 1473 թ.-ի օգոստոսի 5-ին, 21 տարեկան հասակում:

Բնապատկերի գիտական և տեխնոլոգիական վերլուծությունը թույլ է տվել հայտնաբերել և համեմատել նկարի երեսի և հետևի կողմերում արված երկու մակագրությունները: Դրանց համեմատությունը թույլ է տվել ապացուցել, որ դրանք կատարվել են տարբեր ձեռքերով, բայց հենց նկարչի կողմից, բազմաթիվ առանձնահատկություններով, որոնք վերագրվում են նրա յուրօրինակ ոճին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Իտալացի գիտնականների հայտարարությունն արվել է Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակի նախօրեին: Մայիսին, ի պատիվ իտալացի հանճարի, ամբողջ Եվրոպայով ցուցահանդեսներ և միջոցառումներ կանցկացվեն: Ֆլորենցիայի թանգարանի տնօրեն Էյկե Շմիդտն այս բացահայտումը հեղափոխություն է անվանել նկարչի արվեստի ուսումնասիրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել